
Թուրքիային և Ադրբեջանին զիջումների գնալու Փաշինյանի նկատվող թուլությունն ու պատրաստակամությունը Թեհրանում մտավախություն է առաջացրել․ Amwaj. media
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանն ու Իրանն ակտիվացրել են փոխգործակցությունը դիվանագիտական և անվտանգության ոլորտներում։ Մարտին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է Իրանի վճռական դեմ լինելը Հարավային Կովկասում տարածքային և աշխարհաքաղաքական փոփոխություններին և մերժել է նման փոփոխությունները խթանելու համար ուժի սպառնալիքը կամ կիրառումը. գրել է Amwaj.media-ն
Չնայած Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերին՝ այդ հեռանկարը մնում է անհասկանալի: Ադրբեջանը չի շտապում համաձայնագիր ստորագրել։
Կայքը հիշեցրել է, որ Բաքուն վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, որին հաջորդել է 120 հազար էթնիկ հայերի տեղահանումը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է հետագա զիջումներ ակնկալել Հայաստանից, ինչպիսիք են սահմանադրական փոփոխությունները։
Թեհրանի տեսանկյունից առավել մտահոգիչ է «Զանգազուրի միջանցքի» բացման Բաքվի պնդումը: Նախատեսվող տարանցիկ երթուղին նպատակ ունի կապել Ադրբեջանի մայրցամաքը Նախիջևանի էքսկլավին: Խաղաղության համաձայնագրի նախագծում այս հարցը չի լուծվում։
Հոդվածում ընդգշվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս անվանել է հարավային Հայաստանն «ադրբեջանական հող», որը պետք է «վերադարձվի» Բաքվի վերահսկողությանը, ինչը Իրանում մտավախություն է առաջացրել Հայաստանի հետ սահմանը կորցնելու վերաբերյալ։
Թեհրանն անհանգստանում է, որ նման սցենարն, իր հերթին, նաև կդադարեցնի իր մուտքը դեպի Սև ծով և Եվրոպա Վրաստանի միջոցով, նրան չափից դուրս կախված կդարձնի ադրբեջանական և թուրքական բարի կամքից, կընդլայնի Իսրայելի ազդեցությունն իր սահմանների երկայնքով: Այս համատեքստը բացատրում է Արաղչիի խիստ նախազգուշացումը Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխության դեմ:
«Թեև Հայաստանից սովորական պայմաններում կարելի է ակնկալել, որ այն նույնպես առաջնահերթություն կտա իր տարածքային ամբողջականությանը, նրա ներկայիս մոտեցումն ավելի բարդ պատկեր է ներկայացնում, որը կարող է լարել հարաբերություններն Իրանի հետ: Վերջին տարիներին՝ Ադրբեջանի հետ պատերազմներից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտել է Ռուսաստանից հեռանալ դեպի Արևմուտք՝ նպատակ ունենալով հաշտվել Թուրքիայի հետ, ինչպես նաև ավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Այդ առանցքի տրամաբանական գագաթնակետը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ի հետ ինտեգրման մասին օրենքի ընդունումն է», – գրել է կայքը։
Հավելվել է, որ այս ջանքերը փոխադարձաբար ամրապնդվում և աջակցվում են ԵՄ-ի կողմից, որը Հարավային Կովկասը դիտարկում է հիմնականում որպես ռուսական ազդեցությունը նվազեցնելու տարածաշրջան: Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանին ինտեգրելու է «Միջին միջանցք» նախագծին , որը Բրյուսելի նախընտրած առևտրային ճանապարհն է՝ շրջանցելու Ռուսաստանը և Իրանը: Հայաստանի ղեկավարները կարող են տնտեսական օգուտներ տեսնել այս ծրագրի մեջ իրենց ծով ելք չունեցող երկրի համար: Հայաստանի ԵՄ ինտեգրումը նաև թույլ է տալիս Բրյուսելին պահպանել իր ներկայությունը Հարավային Կովկասում Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի կասեցումից հետո:
Ինչպես նկատել է կայքը, Փաշինյանն ակտիվորեն ձգտել է շփումներ հաստատել Անկարայի հետ՝ հուսալով, որ Թուրքիան կազդի իր ադրբեջանցի դաշնակցի վրա՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում ավելի ճկուն դիրքորոշում որդեգրելու համար։ Սակայն այս մոտեցումն օտարացրել է բազմաթիվ հայերի, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ Սփյուռքում: Չնայած այս ջանքերին՝ Թուրքիան չի հեռանում Ադրբեջանից, որն ավելի կարևոր է Անկարայի տարածաշրջանային ազդեցության համար, քան՝ Հայաստանը։
«Թուրքիային և Ադրբեջանին զիջումների գնալու Փաշինյանի նկատվող թուլությունն ու պատրաստակամությունը Թեհրանում մտավախություն է առաջացրել, որ նա կարող է զիջել «Զանգեզուրի միջանցքն» առանց Ադրբեջանի ռազմական գործողությունների։ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել դյուրացնել Ադրբեջանի ցամաքային հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ Հիմնական խնդիրն այն է, թե արդյոք նախատեսվող երթուղին կմնա՞ Հայաստանի ինքնիշխանության ներքո, ինչպես ցանկանում են Թեհրանը և Երևանը, թե՞ դառնալու է արտատարածքային միջանցք, որը զերծ է հայկական ինքնիշխանությունից՝ Անկարայի և Բաքվի նախընտրած ճանապարհը», – նշվել է հոդվածում։
Եթե Փաշինյանը զիջի, Իրանը կարող է հայտնվել այն վիճակում, որ պետք է պաշտպանի տարածքային ստատուս քվոն՝ ներառյալ Հայաստանի հետ սահմանը՝ հակառակ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ցանկության։ Արաղչիի այցը Երևան կարող է դիտվել որպես Հայաստանի վճռականությունն ամրապնդելու և Իրանի շահերին վնաս հասցնող զիջումների դեմ նախազգուշացնելու ջանքեր:
Ի հակադրություն՝ Թեհրանը համեմատաբար հանգիստ է վերաբերվում Հայաստանի՝ ԵՄամետ մղմանը: Դա այն դեպքում՝ երբ Իրանի հարաբերությունները սրված են եվրոպական բլոկի հետ՝ կապված իր միջուկային ծրագրի ապագայի, Ուկրաինայի պատերազմի և այլ հարցերի հետ: Իրանը թերահավատորեն է վերաբերվում ԵՄ-ում ՀՀ-ի հեռանկարներին։ Այն կարծում է, որ հիասթափությունը, ի վերջո, կստիպի Երևանին առաջնահերթություն տալ իր ավանդական հարաբերություններին: Հաշվի առնելով ԵՄ-ի վերջին մարտահրավերները Արևելյան Եվրոպայում՝ այս թերահավատությունը կարող է արդարացված լինել:
Ընդգծվել է, որ աշխարհաքաղաքական տեղաշարժերը Եվրասիայում կարող են հետագայում փոխել տարածաշրջանային դինամիկան Հարավային Կովկասում: Ռուսաստանը կարող է ձգտել վերահաստատել իր ազդեցությունը, որը թուլացել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ ի շահ Թուրքիայի և Ադրբեջանի:
Մոսկվան կարող է նպատակ ունենալ զսպել Անկարայի ազդեցությունը, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան առավելություն ստացավ իրենց տարածաշրջանային մրցակցությունում՝ Սիրիայում Ռուսաստանի դաշնակցի տապալումից հետո:
Հայաստանն այս սցենարով կարող է ձգտել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հավասարակշռելու թուրք-ադրբեջանական գործընկերության դեմ, հատկապես, եթե Ֆրանսիան և ԵՄ-ը չկարողանան անվտանգության երաշխիքներ տալ: Իրանը կողջունի դա, քանի որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական գերակայությունը համարում է իր շահերին վնասող:
Տարածաշրջանային այս տեղաշարժերի ընթացքում հիմնարար իրականությունը մնում է այն, որ Իրանը Հայաստանի միակ երկու հարևաններից մեկն է՝ դիվանագիտական հարաբերություններով և բաց սահմաններով․ մյուսը Վրաստանն է: Իրանի համար Հայաստանն իր միակ բարեկամ հարևանն է հյուսիսարևմտյան սահմանին: Հետևաբար, Թեհրանը և Երևանը, հավանաբար, կշարունակեն բանակցել և կարգավորել իրենց հարաբերությունները, քանի որ ավելի լայն աշխարհաքաղաքական լանդշաֆտը զարգանում է: