
Ո՞վ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից հրաժարված Վահե Գրիգորյանը և ինչո՞վ է հայտնի
Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից հրաժարական է տվել: Վերհիշենք՝ ով է նա, ինչ ճանապարհ է անցել և երբ է դարձել Սահմանադրական դատարանի փոխնախագահ:
Վահե Գրիգորյանը հայ իրավաբան է, որը հայտնի է իր գործունեությամբ մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում։ Ծնվել է 1975 թվականին՝ Երևանում։ 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2010 թվականին՝ Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով մարդու իրավունքների իրավունքի մագիստրոսի կոչում։
Մինչև Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնում՝ որպես իրավաբան և իրավական խորհրդատու։ Եղել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ՝ իրականացնելով առաքելություններ և փորձագիտական աշխատանք Ղազախստանում, Ուկրաինայում և Մոլդովայում՝ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվություն մատուցելով ԵԽ մարմիններին։
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսին: 2022 թվականին ընտրվել է ՍԴ փոխնախագահ։ 2025 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպական դատարանի դատավոր՝ 9 տարվա ժամկետով։ Հենց այս պատճառով էլ այսօր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից։