19 Ապր
2025
17.2° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել․ ԵԽ պատգամավոր

Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել և այդ իրադարձությունից ավելի քան հարյուր տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև․ այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  ասել է ԵԽ պատգամավոր Նիկոլա Բեյնը։

«Որպես ֆրանսիացի ու եվրոպացի՝ կարող եմ փաստել, որ մենք և Եվրոպական միությունը համերաշխ ենք Հայաստանի հետ, և այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որ մենք կիսում ենք։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում ՀՀ-ի ու ԵՄ-ի ժողովուրդների միջև։ Մյուս կողմից աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված՝ Հայաստանը մշտապես գտնվում է սահմանակից Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում, որոնք ցանկանում են վերստեղծել մեծ Օսմանյան կայսրությունը։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ, մենք պետք է լինենք հայերի կողքին և երբեք նրանց մենակ չթողնենք»,-ասել է Բեյը։

Եվրախորհրդարանի պատգամավորը հավելեց, որ 105 տարի հետո էլ բոլորն ականատես են լինում նույն մարտահրավերներին ու ագրեսիայի դրսևորումներին։

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական գրավումն ու հայաթափումը դրա ապացույցն է։ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է։ Կան եվրոպական կառույցներ, կան որոշ երկրներ, որոնք, ելնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերից, անտեսում են այդ խնդիրները, բայց մենք իրապես մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք ցուցաբերում հայերին՝ ներկայացնելով իրականությունն ու բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք հուզում են հայ ժողովրդին»,-ասել է պատգամավորը։

Նրա դիտարկմամբ՝ այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ։ ԵԽ պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա տարածքային կոնֆլիկտ, կան սահմանների հետ կապված քննարկումներ, բայց պատմական իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը, նրա պնդմամբ, պետք է ունենա իր տարածքում անվտանգ ապրելու հնարավորություն։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու այն իրողությանը, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բովանդակությունը՝ Նիկոլա Բեյը նշեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի կողմից առկա է խաղաղության շատ լեգիտիմ ձգտում, և առհասարակ հայերի անվտանգությունը պետք է լինի կարևոր նախապայման։

«Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը՝ խուսափելով վիճահարույց խնդիրներից, բայց Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, խոչընդոտում է գործընթացը, և նույնիսկ հավակնություններ է դրսևորում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ակներև է, որ Ադրբեջանը, առաջ քաշելով նոր նախապայմաններ, ըստ էության, չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը և դրանով իսկ տապալում է կարգավորման գործընթացը։ Խաղաղության պայմանագիրն, իհարկե, ցանկալի է, բայց այն պետք է հիմնված լինի երկու կարևոր և անբեկանելի բաղադրիչների վրա, որոնցից մեկը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իսկ մյուսը՝ հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշել է ԵԽ պատգամավորը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ