
Մեզ մեղադրելով՝ փորձում են դիվանագիտական ձախողումները բարդել մեզ վրա․ Սամվել Շահրամանյանի ճեպազրույցի առանցքային կետերը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած ակցիայից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի՝ Շահրամանյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «ինքնասպան լիներ՝ ճիշտ կլիներ» խոսքերին։ «Այդ արտահայտությունն անողն անձամբ ինձնից ներողություն է խնդրել, երբ ինձնից իմացել է ճշմարտությունը»,-ասել է նա։
Շահրամանյանի ճեպազրույցի մյուս կետերը ներկայացնում ենք ստորև․
- Երկուշաբթի կկազմակերպենք հանդիպում՝ ակցիայի մասնակիցների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև, իրենք կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։
- Բռնի տեղահանումից մինչ այսօր մենք ՀՀ իշխանությունների հետ առնչություն չունենք և ոչ մի ճնշում լինել չի կարող։ Մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարությանը՝ խնդիրների լուծման հարցում, բայց այսպիսի պահվածը, որ մենք մեզ զգում ենք օտար, անընդունելի է։
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, մենք սպառիչ պատասխան ենք տվել։ Ով ուզում է տեսնել Արցախի Հանրապետությունը, որևէ իրավական խնդիր չունի։
- Ադրբեջանն իրավունք չունի հարձակվելու միայն նրա համար, որ մենք որևէ հանդիպման չենք գնացել։ Այս շահարկումները ուղղված են սեփական դիվանագիտական ձախողումները ուրիշի վրա բարդելուն։
- Մենք թաքցնելու ոչինչ չունենք և դեմ ենք կոռուպցիոն գործողություններին։ Կկազմակերպենք հանդիպում ուժային կառույցների հետ և նրանց թույլտվությամբ կհրապարակվեն բոլոր այն մարդկանց տվյալները, ովքեր հիմնադրամից գումար են յուրացրել։