
Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին առանց ԱՄՆ աջակցության․ Financial Times
Իսրայելի ղեկավարությունը չի համարձակվի հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանության և աջակցության․ գրում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով հարցված իսրայելցի ու արաբ դիվանագետներին։
Նրանց կարծիքով՝ Իսրայելը զերծ կմնա առանց Սպիտակ տան աջակցություն ռազմական գործողություններ սկսելուց՝ վախենալով «զայրացնել» Թրամփին և կորցնել նրա աջակցությունը, ինչպես նաև՝ ելնելով այն հանգամանքից, որ առանց ԱՄՆ-ի սեփական հարվածներն Իրանին շատ սահմանափակ ազդեցություն կունենան։ Միաժամանակ, Թրամփն ինքը ներկայումս կենտրոնացած է իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման դիվանագիտական ուղիներ գտնելու վրա։
ԱՄՆ նախագահը, ինչպես նշում է հրատարակությունը, չի տրվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշմանը, ով ձգտում է ավելի վճռական և ագրեսիվ գործողություններ ստանալ Վաշինգտոնից։ Թերթի աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն փորձել է Թրամփին համոզել աջակցել Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներին դեռևս նախագահի երդմնակալությունից առաջ, սակայն ցանկալի արդյունքի չի հասել։
Թերթի փոխանցմամբ՝ Թրամփի իշխանության գալուց հետո Նեթանյահուն սկսել է ավելի վստահ ու ագրեսիվ գործողություններ իրականացնել Մերձավոր Արևելքում՝ ակտիվ հարվածներ հասցնելով Լիբանանին, Սիրիային և Գազայի հատվածին։ Միևնույն ժամանակ, Իսրայելի կառավարությունը տեղյակ է Թրամփի վարչակազմի փոփոխվող դիրքորոշման մասին, ուստի դիվանագետները կարծում են, որ նա զգուշությամբ կգործի և չի հրահրի Վաշինգտոնին իրանական ճակատում չհամակարգված գործողություններով: