
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը լրացուցիչ ագրեսիայի է հրահրում և կհանգեցնի պատերազմի և տառապանքի
Ամերիկյան մի շարք հանրահայտ համալսարանների և դպրոցների պրոֆեսորներ համատեղ հոդված են հրապարակել Providence պարբերականում՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստին։ Ինչպես նշվել է, 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը դաժան պատերազմ է սանձազերծել Արցախի էթնիկ հայերի դեմ, որն ինքնավար տարածք էր գրեթե 30 տարի այն բանից հետո, երբ 1991 թվականի դեկտեմբերին հայաբնակ շրջանի մեծամասնությունը քվեարկեց Ադրբեջանից անկախանալու օգտին:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից պարտվողական համաձայնագիր ստորագրելուց հետո Ադրբեջանը 9 ամսով շրջափակեց Արցախը՝ զրոյացնելով սննդի և դեղորայքի մատակարարումները։ Դրան հաջորդել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը սկսված ռազմական հարձակումը, որի պատճառով՝ 120,000 էթնիկ հայեր ստիպված են եղել դուրս գալի իրենց նախնիների հողից, որը բնութագրվում էր որպես ցեղասպանություն: Այս փախստականները փոխհատուցում չեն ստացել և չեն կարողանում տուն վերադառնալ։
2025 թվականի մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են համաձայնագրի մասին, որն ուղղված է կովկասյան երկու պետությունների միջև տասնամյակների հակամարտությունը լուծելուն։ «Մենք պնդում ենք, որ այս գործընթացը Հայաստանին պարտադրվել է Ադրբեջանի և նրա հովանավորների ճնշման ներքո», – գրել են հեղինակները՝ կոչ անելով միջազգային հանրությանը մերժել այս համաձայնագիրը և դեմ լինել դրա վավերացմանը։
«Որպես հանրային քաղաքականության տարբեր ոլորտների գիտնականներ և պրակտիկանտներ՝ մենք խորապես հավատարիմ ենք աշխարհում, ներառյալ Կովկասում, խաղաղության և կայունության հաստատմանը: Այնուամենայնիվ, իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, մարդու իրավունքների հարգման, միջազգային իրավունքի հավատարմության և երկարաժամկետ կայունության վրա: Այն պահանջում է ոչ միայն անդրադառնալ անցյալի սխալներին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, այլ նաև ապահովել, որ ռազմական հանցագործությունների զոհերին արժանապատվորեն, կարեկցանքով և հարգանքով վերաբերվեն», – նշվել է հոդվածում: Հեղինակնեն ավելացրել են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60/147 բանաձևի համաձայն՝ պատերազմական հանցագործությունների զոհերն ունեն արդարադատության մեխանիզմների և արագ հատուցման իրավունք: Այս բանաձևը նախանշում է հատուցման հինգ ձևեր՝ փոխհատուցում, հատուցում, վերականգնում, բավարարում և չկրկնվելու երաշխիքներ։
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է պահել բազմաթիվ ռազմագերիների: Ձերբակալվածների փաստաբանները հաստատում են, որ նրանք պահվում են ծանր պայմաններում և ենթարկվում խոշտանգումների: Այս խախտումները լավ փաստագրված են։
Ըստ հեղինակների՝ ամենաանհանգստացնողը հանդարտեցնելու ռազմավարությունն է, որով զբաղվում է Հայաստանի ներկայիս իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի ստորագրումից ի վեր։ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ճնշման ներքո Հայաստանի կառավարությունը համաձայնել է փոփոխել իր Սահմանադրությունը: Հայաստանը նաև համաձայնել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման, պատանդների և գերիների ապօրինի կալանավորման և իրենց պապենական հողը Արցախի բնիկ հայ բնակչության անվտանգ վերադարձի հետ կապված հարցերից։ Կառավարությունը նաև համաձայնել է հրաժարվել միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ դատական վեճերից և հայցերից՝ ներառյալ մարդու իրավունքների խախտման և ռազմական հանցագործությունների շարունակական գործերը: Ավելին, Հայաստանը համաձայնություն է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը 1994 թվականից վերահսկում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է հայերի դեմ ռասիստական քաղաքականություն և ատելություն պարունակող հռետորաբանություն քարոզել՝ խարխլելով խաղաղության և հարգանքի սկզբունքները, որոնք պետք է առաջնորդեն այս գործընթացը՝ միաժամանակ զբաղված լինելով պաշտպանական ծախսերի ավելացմամբ։ Նա շարունակում է պահել տասնյակ հայ գերիների՝ Բաքվում նրանց կեղծ դատավարությունը վերածելով հակահայկական քարոզչության գործիքի։ Վերջապես, Ադրբեջանը դեռևս օկուպացնում է Հայաստանի զգալի տարածքը։
«Կարևոր է նշել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը 2021 թվականին խաղաղության համաձայնագրի ստորագրման քարոզարշավ չի իրականացրել և, հետևաբար, չունի դրա լեգիտիմությունը, հատկապես՝ ընդամենը 11 տոկոս հավանության վարկանիշով: Արևմտյան ժողովրդավարությունները, որոնք հոգ են տանում Հայաստանի և Կովկասում խաղաղության մասին, պետք է կանգնեն Հայաստանի ժողովրդի կողքին, այլ ոչ թե թույլ տան Ադրբեջանին նոր կապիտուլյացիա ապահովել Փաշինյանի կառավարության կողմից, որը պատրաստ է զոհաբերել Հայաստանի շահերը իշխանությունը պահպանելու համար։ Իր ներկայիս տեսքով համաձայնագիրը լրացուցիչ ագրեսիայի է հրահրում և կհանգեցնի ավելի շատ թշնամանքի, պատերազմի և տառապանքի», – գրել են հեղինակները: