
Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի օր. ընդհանուր հիշատակի պահ, որ պետք է բուժի և միավորի․ The Jerusalem Post
Տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի Հոլոքոստի հիշատակի օրը համընկնել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ոգեկոչման օրվա հետ: Համընկնումն ավելի քան խորհրդանշական է։ Այն հրեաներին և հայերին խորը հնարավորություն է տալիս ճանաչելու իրենց տառապանքի, գոյատևման և արդարության և ճանաչման համար երկարատև պայքարի պատմությունը. գրել է The Jerusalem Post-ը։
Ինչպես շեշտվել է, ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, երբ 1915 թվականին Օսմանյան կայսրությունը սկսեց զանգվածային տեղահանությունների և ջարդերի արշավ իր հայ բնակչության դեմ։ Ավելի քան 1 միլիոն հայեր զոհվել են, իսկ վերապրածների ճնշող մեծամասնությունը աքսորվել է իրենց նախնիների հողերից:
Ինչպես ընդգծվել է, Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է չճանաչված մի շարք կառավարությունների կողմից, այդ թվում, հատկապես և ամոթալի, Իսրայելի:
«Հայերն ու հրեաները միայն ցեղասպանությունից փրկվածներ չեն. նրանք տոկուն սփյուռքներ են, փոքր ազգեր, որոնք կերտել են ինքնություններ, որոնք ձևավորվել են հավատքով և հիշողությամբ և նշանակալի ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի, գիտության և նորարարության մեջ», – գրել է կայքը՝ հավելով, որ երկու ժողովուրդներն էլ բախվել են ժխտման և ջնջման հետ, սակայն երկուսն էլ սովորել են այն դժվար դասը, որ չի կարելի միշտ հույս դնել աշխարհի խղճի վրա:
Ինչպես շեշտվել է, Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները, սակայն, բարդացել են աշխարհաքաղաքականության պատճառով: Իսրայելը սերտ կապեր է պահպանում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի հետ։ Այն Իսրայելին նավթի հիմնական մատակարարն է, մինչդեռ Իսրայելը Բաքվին տրամադրում է առաջադեմ սպառազինություն՝ զենք, որը կարևոր դեր է խաղացել վերջին հակամարտություններում։ Ամենաողբերգականը 2023 թվականի ռազմական հարձակումն էր, ոը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղից 120,000 հայերի զանգվածային տեղահանմանը:
Անցյալ տարի Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը, մի քայլ, որը Իսրայելում ոմանք դիտել են որպես թշնամական։
«Սակայն Հայաստանի որոշումը որպես հակաիսրայելական ժեստ որակելը սխալ է: Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ ընդգծել է ինքնորոշման և միջազգային իրավունքի աջակցությունը, ներառյալ Կոսովոյի և Հարավային Սուդանի նմանատիպ ճանաչումները: Դա ոչ թե թշնամական, այլ ՝սկզբունքային ակտ էր», – գրել է կայքը՝ հավելելով, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը վաղուց հիասթափեցրել է հայերին: Թուրքիայի ազդեցությունը և Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ստիպել են իսրայելական հաջորդական կառավարություններին առաջնահերթություն տալ քաղաքական և տնտեսական շահերին, քան՝ բարոյական հստակությանը:
«Ապրիլի 24-ը ոչ միայն վշտանալու, այլ միասին հիշելու, միասին բուժելու և միասին կառուցելու հնարավորություն է», – եզրափակել է The Jerusalem Post-ը: