
Այսօրվա ասելիքն ուղղված է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, թե՛ մեր իշխանությանը. Լևոն Քոչարյան
Պետք է պահանջատեր լինենք, որ կանխենք նման գործողությունները. Ջահերով երթի ընթացքում ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«2023 թվականի սեպտեմբերին տեսանք, թե ինչ կատարվեց արցախահայության հետ` էթնիկ զտումները, մնացածը։ Այս առումով շատ կարևոր է, որ նման միջոցառումներին ինչքան հնարավոր է շատ մարդ մասնակցի, ցույց տա թե՛ ամբողջ աշխարհին, թե՛ մեր իշխանություններին, որ այս ամենը մենք չենք հանդուրժելու, որ կա ժողովուրդ, որ պատրաստ է լինել այս ամեն ինչի դեմ»,-ասել է պատգամավորը։
Նրա խոսքով` ջահերթի նպատակն ամբողջ աշխարհում ցեղասպանությունները կանխելն է։
Նա նշել է, որ, ցավոք, 2023-ին Արցախում տեղի ունեցածը կանխել չհաջողվեց։
«Բոլորի ուշադրությունը պիտի հրավիրենք, համախմբվենք, ի վերջո սա զուտ կուսակցական միջոցառում չէ, սա այն միջոցառումն է, որն իսկապես պետք է համախմբի Հայաստանի ու Սփյուռքի հայությանը։ Այսօրվա ասելիքը ուղղված է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, թե՛ մեր իշխանություններին և առհասարակ բոլորին` մենք չենք կարող հենց այնպես մոռանալ ու մոռացության մատնել ցեղասպանությունը, որն իրագործվել է 110 տարի առաջ»,-եզրափակել է Քոչարյանը։