25 Ապր
2025
14.4° c ԵՐԵՎԱՆ
20.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծիծեռնակաբերդում մարդկանց ծովը և խաղաղ երթը վախեցրել էին հանրապետության իշխանություններին․  ռուսական ԶԼՄ-ների ամփոփում

Ծիծեռնակաբերդում մարդկանց ծովը և խաղաղ երթը վախեցրել էին հանրապետության իշխանություններին․  ռուսական ԶԼՄ-ների ամփոփում

Ռուսական ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ հրապարակելով նաև արխիվային լուսանկարներ։ Օրինակ՝ Russia Today-ը գրել է․ «1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց հայ մտավորականության տեղահանությունը Կոստանդնուպոլսից, որն ավարտվեց նրա հազարավոր ներկայացուցիչների սպանությամբ։ Այս իրադարձությունը դարձավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի զանգվածային բնաջնջման դրվագներից մեկը։ Պատմաբանների տվյալներով՝ էթնիկ զտումների ընթացքում զոհվել է մինչև 1,5 միլիոն հայ, իսկ հարյուր հազարավորները դարձել են փախստականներ։ Ապրիլի 24-ը մի շարք երկրներում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։

Իսկ ահա ռուսական Առաջին ալիքը նկատել է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Երևանի բնակիչները դուրս են եկել փողոցներ։ «Ողբերգությունը տեղի է ունեցել 1915 թվականին։ Եվ 110 տարի անց այս վիշտը միավորում է ողջ հայ ժողովրդին։ Այս տարի երթերը հատկապես մեծ էին։ Մարդկանց ծով «Ծիծեռնակաբերդ» հուշարձանի մոտ։ Ինչ-ինչ պատճառներով՝ խաղաղ երթը վախեցրել էր հանրապետության իշխանություններին։ Երկրի տարբեր ծայրերից մայրաքաղաք են բերվել 30 հազար ոստիկաններ։ Մարդիկ, ովքեր դուրս էին եկել ոչ թե բողոքի ակցիայի կամ պահանջելու ինչ-որ բան, այլ իրենց զոհված նախնիների հիշատակը հարգելու, հայտնվել էին անվտանգության ուժերի կողմից  շրջապատված վիճակում։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չէ»։

Независимая Газета-ն գրել է, որ թուրքական իշխանությունները դեռևս հրաժարվում են Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն։ Պաշտոնական Անկարան պնդում է, որ մարդիկ մահացել են բնական պատճառներով՝ պատերազմական գոտուց վերաբնակեցման ընթացքում, ինչպես նաև պատերազմի համատեքստում, որը խլել է ոչ միայն հայերի, այլև՝ բազմաթիվ թուրքերի կյանքեր։ Այս դիրքորոշումը կիսում են նաև Ադրբեջանի իշխանությունները։ Սակայն Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և աշխարհի 30 այլ երկրներ այս կամ այն կերպ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

«100 տարի առաջվա պատմությունը դարձել է հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Մինչև վերջերս Հայաստանի իշխանությունները լուրջ ջանքեր էին գործադրում, որպեսզի աշխարհը չմոռանա Ցեղասպանության մասին։ Սակայն, Ղարաբաղի շուրջ երկրորդ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է փոխել իր առաջնահերթությունները։ Այժմ Երևանը փորձում է հաշտվել հարևանների հետ, ուստի և՝ փորձում է խուսափել այնպիսի թեմաներից, որոնք ակնհայտորեն բացասաբար կընկալվեն Բաքվում և Անկարայում», – գրել է կայքը։

НТВ-ն իր ռեպորտաժում ընդգծել է, որ այս անգամ զոհերի հիշատակը հարգելու համար դուրս էին եկել շատ ավելի շատ մարդիկ, քան նախորդ տարիներին։ «Մասնակիցներից շատերը կրծքերին կրում էին Արարատ լեռան պատկերով կրծքանշաններ։ Այն համարվում է Հայաստանի խորհրդանիշ և պատկերված է նրա զինանշանի վրա։ Սակայն ներկայիս իշխանությունները մտադիր են այդ խորհրդանիշը հեռացնել այնտեղից»։

Միևնույն ժամանակ մի շարք լրատվամիջոցներ, ինչպիսիք են օրինակ ТАСС-ը РИА Новости-ին, Взгляд-ը ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Երևանում կայացած ջահերով երթի ժամանակ թուրքական և ադրբեջանական դրոշների այրումն՝ այն անվանելով սադրանք։

Ռազմագերիներ