
Իրանն ու Ադրբեջանը համատեղ նախագիծ են իրականացնում՝ Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մուսադ Փեզեշքիանն այսօր կայցելի Ադրբեջան։ Այցի նախօրեին Փեզեշքիանը հարցազրույց է տվել ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին։ Նա նշել է, որ Իրանն այժմ իրականացնում է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծմանը և նախատեսում է համագործակցել Ադրբեջանի հետ այս ուղղությամբ։
«Մենք իրականացնում ենք ճանապարհների, այդ թվում՝ երկաթուղիների կառուցման և վերականգնման նախագծեր։ Այս հաղորդակցությունները կարող են ամրապնդել մեր երկրի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է կապող դեր խաղալ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում և բեռնափոխադրումներում։ Երրորդ՝ Ադրբեջանն ինքը կկարողանա օգտագործել Իրանի և Պարսից ծոցի ներուժը՝ Իրանի տարածքով տրանսպորտային գործողություններ իրականացնելու համար», – հայտարարել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ Իրանը կատարում է իր պարտավորություններն այս ուղղությամբ. «Եվ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք կքննարկենք այս գործընթացն ավելի պարզեցնելու նախագծերի իրականացման հարցերն՝ ավարտելով Հյուսիս-Հարավ միջպետական երկաթուղու ենթակառուցվածքների և ներքին հաղորդակցությունների ստեղծումը՝ տեղափոխումը հեշտացնելու համար»։
Բացի այդ՝ Թեհրանը հնարավոր է համարում կողմերի համագործակցությունը արդյունաբերության, առևտրի և համատեղ ներդրումների ոլորտներում։
«Մենք որևէ սահմանափակում չենք դնում երկու երկրների միջև համագործակցության ոլորտներում», – ընդգծեց Իրանի նախագահը։
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանն ու Ադրբեջանը ներկայումս համատեղ նախագիծ են իրականացնում՝ Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար։
«Հուսով եմ, որ այս երթուղին կլուծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև առկա բոլոր հաղորդակցման խնդիրները։ Բացի այդ՝ այս երթուղին կարող է ապահովել Ադրբեջանի և Իրանի շրջանների միջև անվտանգ և հուսալի հաղորդակցությունը», – նշել է նա։
Նախագահի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։
«Մենք հույս ունենք, որ այս սկզբունքների ընդունումը կօգնի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող տարաձայնություններն ու խնդիրները», – ընդգծել է Փեզեշքիանը։