
Իսրայելի այն ֆանտազիան, որ կարող է թելադրել, թե ինչ կանի և ինչ ոչ, Իրանը հեռու է իրականությունից. Արաղչի
Թեհրանը բավականաչափ ուժեղ է, որպեսզի կանխի Իսրայելի կողմից ձեռնարկվող ցանկացած արտաքին քաղաքականության միջոցառում, որը նպատակ ունի խաթարել Իրանի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև Թել Ավիվի գործողությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված գործարքի դեմ․ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում։
«Իսրայելի այն ֆանտազիան, որ ինքը կարող է թելադրել, թե ինչ կանի և ինչ՝ ոչ, Իրանը, այնքան հեռու է իրականությունից, որ, դժվար թե, արժանի լինի պատասխանի։ Սակայն զարմանալի է, թե որքան անամոթաբար է Նեթանյահուն այժմ թելադրում, թե ի՞նչ կարող է , և ի՞նչ չի կարող անել նախագահ Թրամփը Իրանի հետ իր դիվանագիտության մեջ», – հավելել է Արաղչին՝ ընդգծելով, որ Իրանը կարող է միայն հույս ունենալ, որ ամերիկացի գործընկերները կցուցաբերեն նույն դիմադրողականությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում հրեական պետությունը կհամաձայնվի Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծմանը՝ նշելով, որ Թեհրանը չպետք է կարողանա հարստացնել ուրան, և նրա ամբողջ միջուկային ենթակառուցվածքը պետք է ապամոնտաժվի։
Ապրիլի 26-ին Օմանում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի, ինչպես նաև երկու կողմերի տեխնիկական խմբերի մասնակցությամբ: Դրանց արդյունքներից հետո իրանցի նախարարը հայտարարել է, որ գոհ է բանակցությունների ընթացքից, չնայած երկրների միջև տարաձայնությունները մնում են ինչպես իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի մանրամասների, այնպես էլ ընդհանուր դրույթների վերաբերյալ: Հաջորդ փուլը, ինչպես հայտարարել է Օմանի Արտաքին գործերի նախարարությունը, նախատեսված է մայիսի 3-ին։ Միաժամանակ, իրանական կողմը նշել է, որ Օմանի իշխանությունները կորոշեն իրանա-ամերիկյան խորհրդակցությունների ինչպես վայրը, այնպես էլ ժամանակը։