
ԵԱՏՄ-ն կարող է պաշտպանել իր մյուս անդամների շահերը՝ Միությունից ՀՀ-ի դուրս գալու պարագայում․ ՌԴ ԱԳՆ
ԵԱՏՄ-ն ունի միջազգային իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար՝ Հայաստանի կողմից միութենական պայմանագրի խախտման դեպքում։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Եթե Երևանը ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանն, այլ կերպ ասած, էապես կխախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, ինչը, մենք հույս ունենք, տեղի չի ունենա, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ՝ ասոցիացիայի մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար», – նշել է Աղասանդյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը երբեք հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել Պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին, այլ ընդհակառակը, ակտիվորեն մասնակցում է միության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչը հաստատում է նրա հետաքրքրությունը եվրասիական ինտեգրման զարգացման նկատմամբ։
Աղասանդյանի խոսքով՝ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության անխուսափելի կորուստները՝ ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու դեպքում։
Նա նշել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, մինչդեռ Երևանը հասկանում է ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։
Աղասանդյանն ընդգծել է, որ Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանում ընդունված օրենքը դեռևս չի ենթադրում գործողություններ, որոնք կասկածի տակ կդնեն երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
«Ակնհայտ է, որ նման մերձեցման որոշակի փուլում Բրյուսելի պահանջները՝ «եվրոպական ուղու» անխուսափելի մասը, կհակասեն Միության շրջանակներում Երևանի պարտավորություններին։ Մենք խոսում ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են մաքսային, մաքսային-սակագնային և տեխնիկական կարգավորումն, առևտրային քաղաքականությունը, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումները, այսինքն՝ մեր ընդհանուր շուկայի մասին, որը մեծապես ապահովում է տնտեսության աճը և հանրապետության բնակչության բարեկեցությունը», – նշել է նա։