
Ուկրաինան և ԱՄՆ-ն ստորագրել են Թրամփի կողմից առաջարկված հանքարդյունաբերական համաձայնագիրը․ Reuters
Ուկրաինան և ԱՄՆ-ն ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մեծապես խթանված համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին կտա արտոնյալ հասանելիություն ուկրաինական հանքանյութերի գործարքներին։ ԱՄՆ կֆինանսավորի Ուկրաինայի վերակառուցման համար ներդրումները․ հայտնել է Reuters-ը։
Երկու երկրները համաձայնագիրը ստորագրել են Վաշինգտոնում ամիսներ տևած երբեմն լարված բանակցություններից հետո, որոնց ընթացքում անորոշությունը պահպանվել է մինչև վերջին պահը։
Համաձայնագիրը ստեղծում է համատեղ ներդրումային հիմնադրամ Ուկրաինայի վերակառուցման համար։ Այն կենտրոնական դեր ունի Կիևի ջանքերում՝ վերականգնելու Թրամփի և Սպիտակ տան հետ հարաբերությունները։ Ուկրաինացի պաշտոնյաները հույս ունեին, որ համաձայնագիրը կապահովի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի հետ պատերազմում։
Համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Ֆինանսների նախարարության կողմից X-ում արված գրառման մեջ նշվել է, որ համաձայնագիրը «հստակորեն ազդարարում է Թրամփի վարչակազմի հանձնառությունը ազատ, ինքնիշխան, բարգավաճ Ուկրաինայի նկատմամբ»։
Սվիրիդենկոն X-ում գրել է, որ համաձայնագիրը նախատեսում է Վաշինգտոնի ներդրումը հիմնադրամում։
«Բացի ուղղակի ֆինանսական ներդրումներից՝ այն կարող է նաև ՆՈՐ օգնություն տրամադրել՝ օրինակ՝ Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգեր», – նշել է նա։ Վաշինգտոնը ուղղակիորեն չի անդրադարձել այդ առաջարկին։
Ստորագրումից առաջ Թրամփը կրկնել է, որ ԱՄՆ-ն պետք է ինչ-որ բան ստանա Կիևին ցուցաբերած օգնության դիմաց։
Սվիրիդենկոն հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ է տալիս Ուկրաինային «որոշել, թե ի՞նչ և որտե՞ղ արդյունահանել», և որ ընդերքը մնում է Ուկրաինայի սեփականությունը։
Համաձայնագիրը չի տրամադրել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար որևէ կոնկրետ անվտանգության երաշխիք, որը նրա սկզբնական նպատակներից մեկն էր։