
Ավինյանը Նոր Նորքում ծեծկռտուքը «սադրանք» է որակում, վարչական շրջանի ղեկավարը՝ ներողություն խնդրում
Այսօր Երևանի քաղաքապետարանի Գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը խոսել է անցյալ շաբաթ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։
Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական բռնություն կամ վիրավորանք, սադրանք, մեզ համար անընդունելի է. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում, անդրադառնալով Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զստվածություն, պարտավոր են ցուցաբերել զստվածություն կյանքի բոլոր պարագաներում. սադրանքները միշտ կան ամենուրեք են և միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի և այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել, բայց այնուամենայնիվ ես դատավորի դեր չեմ ստանձնելու, հարգելի՛ գործընկերներ, կա քրեական գործ և նաև քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ, այնուամենայնիվ, այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր որ ներգրավված են և վարույթ է իրականացվում»,- եզրափակել է Ավինյանն ու խոսքը փոխանցել Նոր Նորքի վարչական ղեկավարին։
Վերջինս իր հերթին ներողություն է խնդրել հանրությունից տեղի ունեցած միջադեպի համար: «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, և կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Ցավում եմ տեղի ունեցածի համար և ձեզանից, պարո՛ն քաղաքապետ, և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների, շնորհակալություն»։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Նոր Նորքի վարաչական շենքում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որին մասնակից էր եղել վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ծեծկռտուքը տեղի էր ունեցել վարչական շրջանի աշխատակիցների ու ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։