08 Մայ
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի ղեկավարներն արձագանքել են Հնդկաստանի հարվածներին Պակիստանում գտնվող թիրախներին

Աշխարհի ղեկավարներն արձագանքել են Հնդկաստանի հարվածներին Պակիստանում գտնվող թիրախներին

Հնդկաստանը մայիսի 7-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող թիրախների՝ ի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման։ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել։ Աշխարհի տարբեր ղեկավարներ արձագանքել են այս զարգացումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հույս հայտնել, որ ամեն ինչ «շատ արագ կավարտվի»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը կաշխատի ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը «ցավալի» է անվանել Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանում և երկու երկրներին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և առաջնություն տալ խաղաղությանը և կայունությանը»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Հնդկաստանի ռազմական գործողությունների առնչությամբ և երկու երկրներին առավելագույն զսպվածության կոչ է անում։

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը դատապարտել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունը, միևնույն ժամանակ մտահոգություն հայտնել, որ ներկայիս իրավիճակը կարող է վերածվել լայնածավալ ռազմական հակամարտության։ Տոկիոն երկու կողմերին կոչ է արել «իրավիճակը կայունացնել երկխոսության միջոցով»։

Իսկ Հնդկաստանում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իսրայելն աջակցում է ինքնապաշտպանության Հնդկաստանի իրավունքին։ Նա նշել է, որ «ահաբեկիչները պետք է թաքնվելու տեղ չունենան անմեղ մարդկանց դեմ իրենց նողկալի հարձակումներից»։

Ըստ վերջին տեղեկություների՝ Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։

Ռազմագերիներ