
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հիասթափվել են Ուկրաինայի հարցում ՌԴ-ի անզիջողականությունից․ The Guardian
ԱՄՆ փոխնախագահը Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանը «չափազանց շատ բան» է պահանջում Ուկրաինայի հետ բանակցություններում:
Վաշինգտոնում բարձրաստիճան զինվորականների և դիվանագիտական ղեկավարների անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Սպիտակ տունը կենտրոնացած է երկու կողմերին ուղղակի բանակցությունների մղելու վրա և պատրաստ է հեռանալ, եթե որոշակի չափանիշների չհասնի։
«Ես չէի ասի, որ ռուսները հետաքրքրված չեն այս հարցը լուծելու հարցում։ Այս պահին ռուսները ներկայացնում են որոշակի պահանջների, որոշակի զիջումների շարք՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են խնդրում», – ընդգծել է Վենսը։
ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Վենսի հայտարարությունը, նշել է. «Հնարավոր է, որ դա ճիշտ է։ Մենք հասնում ենք այն կետին, երբ որոշ որոշումներ պետք է կայացվեն։ Ես դրանից գոհ չեմ…»։
The Guardian-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ավելի ու ավելի են հիասթափվում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քննարկումներում Ռուսաստանի անզիջողականությունից։ Թրամփի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը Պուտինի հետ անցկացրել է ուղիղ բանակցությունների չորս փուլ, սակայն դրանք ռուսական կողմից որևէ կոնկրետ զիջումների չեն հանգեցրել։
Իր ելույթի ժամանակ Վենսը կրկնել է սպառնալիքը, որ Սպիտակ տունը «կհեռանա, եթե Թրամփը համարի, որ առաջընթաց չի գրանցում»։
«Մասնավորապես, այն քայլը, որը մենք կցանկանայինք անել հիմա, այն է, որ և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները իրականում համաձայնության գան միմյանց հետ նստելու և խոսելու որոշ հիմնական ուղեցույցների շուրջ։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները ուրախ է մասնակցել այդ զրույցներին, բայց շատ կարևոր է, որ ռուսներն ու ուկրաինացիները սկսեն խոսել միմյանց հետ։ Մենք կարծում ենք, որ դա հաջորդ մեծ քայլն է, որը մենք կցանկանայինք անել», – նշել է Վենսը։