
Իրանը վճռական է օգտագործելու յուրաքանչյուր հնարավորություն՝ ԵԱՏՄ երկրների ունեցած ներուժի արդյունավետությունը բարձրացնելու համար
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի իրականացումը կմեծացնի Թեհրանի և միության երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ծավալը, РИА Новости -ի հետ զրույցում նշել է Իրանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Մարտի վերջին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին։
«Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև այս համաձայնագրի ուժի մեջ մտնելը կհանգեցնի Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների միջև առևտրատնտեսական փոխանակումների զգալի աճի։ Ուստի՝ մենք վճռական ենք օգտագործելու յուրաքանչյուր հնարավորություն՝ այդ երկրներից ցանկացածի ունեցած ներուժի արդյունավետությունը բարձրացնելու համար», – նշել է Բաղաին համաձայնագրի ուժի մեջ մտնելու և Եվրասիական տնտեսական միության օրվա նախօրեին։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն հատուկ արժեք ունի Իրանի համար, քանի որ այն հիմք է ստեղծում միության անդամների հետ Թեհրանի տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման համար։
Կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։ Դրա նպատակն է ազատականացնել և պարզեցնել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև առևտուրը՝ նվազեցնելով կամ վերացնելով սակագնային և ոչ սակագնային արգելքները, ինչպես նաև աջակցելով տնտեսական և առևտրային փոխգործակցությանը։
Եվրասիական տնտեսական միության օրը նշվում է մայիսի 29-ին։ 2014 թվականի այս օրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։