
Վրաստանը տարիներ շարունակ մնացել է ԱՄՆ-ի իրական ռազմավարական գործընկերը․ Կոբախիձեի բաց նամակը՝ ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ դի Վենսին։
Նամակում Իրակլի Կոբախիձեն նշել է, որ մի քանի շաբաթ առաջ ինքը հասցեատերերին գրել է վրաց–ամերիկյան հարաբերությունների մասին, նամակին նախորդել են վրացական կողմից հրապարակային հայտարարությունները երկրների միջև ռազմավարական գործընկերությունը զրոյից վերականգնելու մասին, սակայն մինչ օրս հրապարակային հայտարարություններին որևէ արձագանք չի եղել։
Կոբախիձեի՝ Թրամփին ուղղված նամակի հիմնական կետերը.
–Վրաստանը տարիներ շարունակ մնացել է Միացյալ Նահանգների իրական ռազմավարական գործընկերը և շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը վերականգնելու ռազմավարական գործընկերությունը։ Նոր վարչակազմի լռությունը զարմացնում է թե՛ Վրաստանի կառավարությանը, թե՛ վրաց ժողովրդին։
–Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության, դատական համակարգի անկախության, պետական ինստիտուտների հզորության և կոռուպցիայի ցածր մակարդակի առումով։
–«Վրացական երազանքի» և Թրամփի վարչակազմի արժեքներն ու գաղափարախոսությունները լիովին նույնական են, այդ թվում՝ գենդերային և ԼԳԲՏ* քարոզչության հարցերում, Ուկրաինայում պատերազմի, USAID-ի և NED-ի հանցավոր գործունեության հարցերում։
–Կոնգրեսի կողմից ընդունված «MEGOBARI ակտը» թշնամական օրենք է վրաց ժողովրդի և նրա կառավարության նկատմամբ։
–Մենք չենք հասկանում վրացի պաշտոնյաների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ովքեր արդյունավետորեն կանխել են Բայդենի վարչակազմի կողմից ծրագրված և USAID-ի կողմից ֆինանսավորվող հեղափոխության և բռնության փորձը։