14 Մայ
2025
18.1° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիա այցի ընթացքում Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները և կնքել պաշտպանական ոլորտում Վաշինգտոնի «ամենամեծ համաձայնագիրը»

Սաուդյան Արաբիա այցի ընթացքում Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները և կնքել պաշտպանական ոլորտում Վաշինգտոնի «ամենամեծ համաձայնագիրը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոց կատարած ուղևորության ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերացնի Սիրիայի նկատմամբ երկարատև պատժամիջոցները։ Նա նաև ստացել է Սաուդյան Արաբիայից 600 միլիարդ դոլարի պարտավորություն՝ ներդրումներ կատարելու Միացյալ Նահանգներում․ գրել է Reuters-ը։

Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ-ն համաձայնել է Սաուդյան Արաբիային վաճառել մոտ 142 միլիարդ դոլարի զենքի փաթեթ, ինչը պաշտպանական ոլորտում Վաշինգտոնի կողմից երբևէ կնքված «համագործակցության ամենամեծ համաձայնագիրն» է։

Ինչպես գրել է գործակալությունը, Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մասին անակնկալ հայտարարությունը մեծ խթան կլինի այն երկրի համար, որը քանդվել է ավելի քան մեկ տասնամյակ տևած քաղաքացիական պատերազմից։ Էլ-Ռիադում ելույթ ունենալով՝ Թրամփը նշել է, որ գործում է Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ՝ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի կողմից պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով։

«Օ՜, ինչ եմ անում թագաժառանգի համար», – հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կարևոր դեր են խաղացել, բայց հիմա ժամանակն է, որ երկիրն առաջ շարժվի։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ նախատեսված քայլը «նոր սկիզբ» է Սիրիայի վերակառուցման ճանապարհին։

Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ստորագրել են նաև համաձայնագիր, որը վերաբերում է էներգետիկայի, պաշտպանության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներին։ Թրամփը ցանկանում է ամրապնդել հարաբերությունները սաուդցիների հետ՝ Իսրայելի հետ տարածաշրջանային կապերը բարելավելու և Իրանի դեմ պաշտպանական դիրք զբաղեցնելու համար։

Տեղեկագրում նշվել է, որ համաձայնագիրը ներառում է գործարքներ տասնյակից ավելի ամերիկյան պաշտպանական ընկերությունների հետ՝ օդային և հրթիռային պաշտպանության, օդուժի և տիեզերական զարգացման, ծովային անվտանգության և հաղորդակցության ոլորտներում։ Սաուդյան արքայազնը նշել է, որ գործարքը ներառում է 600 միլիարդ դոլարի ներդրումային հնարավորություններ, այդ թվում՝ 300 միլիարդ դոլարի գործարքներ, որոնք ստորագրվել են Թրամփի այցի ընթացքում։

«Մենք առաջիկա ամիսներին կաշխատենք երկրորդ փուլի վրա՝ գործարքներն ավարտելու և այն 1 տրիլիոն դոլարի հասցնելու համար», – ասել է նա։ Սաուդյան Արաբիան ԱՄՆ զենքի խոշորագույն գնորդներից մեկն է։
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել են Ռիադի կողմից Lockheed F-35 ինքնաթիռների հնարավոր գնման հարցը, Reuters-ին հայտնել են քննարկումների մասին տեղեկացված երկու աղբյուրներ՝ անդրադառնալով ռազմական ինքնաթիռին, որով թագավորությունը վաղուց է հետաքրքրված։

Թրամփը, ում ուղեկցում էին ամերիկացի գործարար առաջնորդներ, այդ թվում՝ միլիարդատեր Իլոն Մասկը, Ռիադից կմեկնի Քաթար, ապա՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նա չի նախատեսել այց Իսրայել, որոշում, որը հարցեր է առաջացրել այն մասին, թե որտե՞ղ է գտնվում մերձավոր դաշնակիցը Վաշինգտոնի առաջնահերթություններում։ Ըստ էության՝ ուղևորության ուշադրության կենտրոնում են ներդրումները, այլ ոչ թե՝ Մերձավոր Արևելքում անվտանգության հարցերը։

Թրամփը նաև հայտարարել է, որ ցանկանում է Իրանին առաջարկել նոր և ավելի լավ ուղի դեպի ավելի օգտակար ապագա։ Եթե նոր միջուկային համաձայնագիր չկնքվի, ԱՄՆ նախագահի խոսքով, եհրանը կբախվի առավելագույն ճնշման։

Ռազմագերիներ