14 Մայ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գորիսի պետական քոլեջում դասադուլ է․ մեղավոր ու պատասխանատու են համարում Ժաննա Անդրեասյանին

Գորիսի պետական քոլեջում դասադուլ է․ մեղավոր ու պատասխանատու են համարում Ժաննա Անդրեասյանին

Սյունիքի մարզի ամենահին եւ ամենավաստակաշատ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում՝ Գորիսի պետական քոլեջում, մայիսի 12-ին մեկնարկած դասադուլը, ապա եւ գործադուլը շարունակվում են․ այս մասին տեղեկանում ենք Գորիսի պետական քոլեջի սոցցանցի էջից։

«Դասադուլավորների եւ գործադուլավորների միասնական պահանջը հանրահռչակված է եւ փոփոխման ենթակա չէ:

Շարունակվող դասադուլի եւ գործադուլի հետեւանքով քոլեջում էական վնաս է կրում 200-ից ավելի ուսանողի ուսումնառության գործընթացը:

100-ամյա փառավոր ուղի անցած քոլեջում ստեղծված աննախադեպ այս ճգնաժամի հանդեպ ԿԳՄՍ նախարարության անտարբեր ու անդեմ կեցվածքն այլեւս մեզ չի զարմացնում եւ հաստատում է նախարարության օտարված վիճակը կրթական գործից:

Ուստի եւ հայտարարում ենք՝ Գորիսի պետական քոլեջում շարունակվող դասադուլի եւ գործադուլի ամբողջ մեղավորությունն ու պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի վրա:

Ինքը կարող էր եւ կարող է րոպեների ընթացքում դադարեցնել դասադուլն ու գործադուլը, մինչդեռ ակնհայտ անտարբերությամբ եւ անգործությամբ քաջալերում է դասադուլավորներին ու գործադուլավորներին, ինչն ափսոսանքով ենք նկատում եւ դատապարտում:

Հայտարարարում ենք միաժամանակ՝ այս երկիրը նաեւ մեր երկիրն է, այս պետությունը նաեւ մեր պետությունն է, իսկ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծվել է ոչ թե հարյուրամյա կրթօջախը կազմաքանդելու, դասախոսների եւ ուսանողների արժանապատվությունն ու իրավունքները տրորելու, այլ կրթական գործին աջակցելու համար:

Փաստորեն հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ 200-ից ավելի ուսանող չեն կարողանում իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրենց կրթական իրավունքը, ինչը վերստին հաստատում է դասադուլի եւ գործադուլի դիմելու մեր քայլի իրավաչափությունն ու ողջամտությունը:

Ասել կուզի՝ մենք պայքարում ենք կրթություն ստանալու եւ աշխատելու սահմանադրական մեր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար, եւ ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության միջամտությունը»,– ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ