
Մոսկվան Երևանին էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է միջուկային էներգաբլոկների լայն տեսականի՝ խոշոր ռեակտորներից մինչև ցածր հզորության մոդուլներ. այս մասին հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ ավելի համապարփակ առաջարկ կլինի, եթե հայկական կողմը ընդունի բարձր հզորության բլոկի առաջարկը։ «Ինչպես գիտեք, մենք պատրաստ ենք զանազան տարբերակների՝ հայկական կողմի ընտրությանը համապատասխան։ Եվ այստեղ հարցեր չկան», – նշել է Կոպիրկինը։
Խոսելով գործող ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման աշխատանքների մասին՝ Ռուսաստանի դեսպանը նշել է ծառայության ժամկետի վրա ազդող լրացուցիչ դժվարությունների կանխարգելման կարևորությունը՝ կապված հանրապետության միջուկային անվտանգության ոլորտում եվրոպական չափանիշների ինտեգրման գծի հետ։
Անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմակայան՝ հավելելով, որ նման տեխնոլոգիաներ մշակվում են Ռուսաստանում, Ֆրանսիայում և Հարավային Կորեայում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այս հարցում «ավելի մեծ առաջընթաց» է գրանցել։