
Հնդկաստանն ակնկալում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ երեք փուլով
Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են երկկողմ առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ երեք փուլով. հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ առաջին փուլը կլինի ժամանակավոր համաձայնագիր, որին Նյու Դելին հույս ունի հասնել մինչև հուլիս, երբ ուժի մեջ կմտնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխադարձ մաքսատուրքերը։ Այն, հավանաբար, կներառի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արդյունաբերական ապրանքների, որոշ գյուղատնտեսական արտադրանքի շուկա մուտք գործելը և որոշ ոչ սակագնային խոչընդոտների վերացումը։
Ինչպես նշում է գործակալությունը, բանակցությունները դեռևս շարունակվում են, և պարզ չէ՝ արդյոք Թրամփի վարչակազմը համաձայնել է առևտրային համաձայնագիր կնքելու եռաստիճան գործընթացի, թե՞ ո՛չ։ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը ներկայումս գտնվում է Վաշինգտոնում և X սոցիալական հարթակում հայտնել է, որ «լավ բանակցություններ» է ունեցել ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ՝ առևտրային համաձայնագրի առաջին մասնաբաժնի առաջխաղացման վերաբերյալ։
Հնդկաստան-ԱՄՆ համաձայնագրի երկրորդ փուլը կարող է հանգեցնել ավելի լայն և մանրամասն համաձայնագրերի, որոնք, ինչպես սպասվում է, կկնքվեն աշնանը։ Ժամկետի շուրջ կողմերը կարող են համաձայնության գալ Թրամփի՝ Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում։
Գործարքի վերջնական փուլը, հավանաբար, կլինի համապարփակ համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատվելուց հետո։ Հնարավոր է, որ այն չավարտվի մինչև հաջորդ տարի, նշել են հարցին ծանոթ հնդիկ պաշտոնյաները։
Հնդկաստանը և Միացյալ Նահանգները փետրվարին՝ վարչապետ Նարենդրա Մոդիի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, համաձայնության են եկել բանակցություններ վարել առևտրային համաձայնագրի առաջին փուլի շուրջ, որը պետք է կնքվի մինչև տարեվերջ՝ երկկողմ առևտրի ծավալը մինչև 2030 թվականը 500 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով:
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեցլ է 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին։ Ապրիլի 5-ին ուժի մեջ են մտել 10% համընդհանուր մաքսաուրքերը, ապրիլի 9-ին՝ անհատական սակագները։ Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքը կազմել է 26%։
Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների նկատմամբ, որոնք պատրաստակամություն էին հայտնել բանակցել։