
Եվրոպան նախատեսում է արգելափակել սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր անձանց համար․ Politico
Բրյուսելում մեծ արձագանք գտած նոր առաջարկի համաձայն՝ Եվրամիությունը կդառնա համաշխարհային առաջատար՝ երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելը կանխելու գործում․ գրել է Politico–ն։
Առաջարկը, որի նախաձեռնողը Հունաստանն է և արդեն իսկ վայելում է Ֆրանսիայի և Իսպանիայի աջակցությունը, նախատեսում է, որ ԵՄըն կսահմանի նոր կանոններ՝ երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը զանգվածաբար սահմանափակելու համար՝ առցանց չափազանց շատ ժամանակ անցկացնելու հետևանքների վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին։
Այս խնդիրն ամբողջ աշխարհում ավելի մեծ ուշադրություն է գրավել, այն բանից հետո, երբ Ավստրալիան որոշել է տարվա վերջից որոշակի սոցիալական ցանցերում հաշիվներ գրանցելու համար նվազագույն տարիքը սահմանել 16 տարեկանը։
Politico-ի կողմից ձեռք բերված փաստաթղթի համաձայն՝ երկրները ցանկանում են, որ Բրյուսելը ավելի հեռու գնա՝ սահմանելով թվային չափահասության տարիք ամբողջ ԵՄ տարածքում, որից ցածր անչափահասներին անհրաժեշտ կլինի ծնողների համաձայնությունը սոցիալական ցանցեր մուտք գործելու համար, ինչը նշանակում է, որ երեխաները չեն կարողանա ավտոմատ կերպով մուտք գործել ամենատարածված հավելվածներից որևէ մեկին, ինչպիսիք են TikTok-ը, Instagram-ը և Snapchat-ը։
Առաջարկը նախատեսվում է քննարկել ԵՄ թվային նախարարների կողմից հունիսի սկզբին կայանալիք հանդիպման ժամանակ։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Դանիան պատրաստվում է ստանձնել ԵՄ Խորհրդի նախագահությունը վեցամսյա ժամկետով, որի ընթացքում Կոպենհագենն արդեն պարտավորվել է գործողություններ ձեռնարկել Բրյուսելում։
«Մեր երեխաների առցանց պաշտպանությունը կլինի Դանիայի առաջիկա ԵՄ նախագահության հիմնական առաջնահերթությունը», – հայտարարել է Դանիայի թվային հարցերով նախարար Քարոլին Սթեյջ Օլսենը: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նախկինում նույնպես հայտարարել է, որ կողմ է 15 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերի արգելքին:
Առաջարկում նշվել է, որ անչափահասներին առցանց վնասներից և ռիսկերից պաշտպանելը «պահանջում է համատեղ գործողություններ եվրոպական մակարդակով»:
Փաստաթղթում առաջարկվում է, որ տարիքի ստուգումը տեղի ունենա սարքերի մակարդակով, ինչին, հավանաբար, դեմ կլինեն Apple-ի և Google-ի նման ընկերությունները։