
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է գերիների հաջող փոխանակումը, որի արդյունքում 307 ուկրաինացի զինծառայողներ վերադարձել են հայրենիք։ Ուկրաինայի առաջնորդը համապատասխան գրառում է հրապարակել իր Telegram ալիքում։
Ինչպես գրել է Զելենսկին, ազատ արձակվածների թվում են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, Պետական սահմանապահ ծառայության և Ազգային գվարդիայի մարտիկները։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս գործընթացում և աշխատում են 24/7։ Մեր նպատակն է բոլորին վերադարձնել ռուսական գերությունից», – ընդգծել է Զելենսկին։
Մայիսի 24-ի կեսօրին Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ռուսաստանը գերիների փոխանակման շրջանակներում ընդունել է 307 զինվորի և Կիև է տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 307 մարտիկ։