30 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերցը քննադատել է Նեթանյահուին․ Իսրայելը չպետք է անի այնպիսի բան, որը նրա լավագույն ընկերներն այլևս պատրաստ չեն ընդունելու

Մերցը քննադատել է Նեթանյահուին․ Իսրայելը չպետք է անի այնպիսի բան, որը նրա լավագույն ընկերներն այլևս պատրաստ չեն ընդունելու

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա՝ գերմանացի առաջնորդի համար անսովոր կոշտ արտահայտություններով․ հայտնել է Politico-ն։

«Անկեղծ ասած, ես այլևս չեմ հասկանում, թե ո՞րն է իսրայելական բանակի նպատակը Գազայի հատվածում։ Քաղաքացիական բնակչությանը նման չափով վնաս հասցնելը, ինչպես վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է պատահում, այլևս չի կարող արդարացվել որպես Համասի ահաբեկչության դեմ պայքար», – նշել է Մերցը հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։

Ինչպես ընդգծել է Politico-ն, Գերմանիան Իսրայելի ամենամոտ եվրոպական աջակիցներից մեկն է, և երկրի առաջնորդները, նացիստական անցյալի պատճառով, Իսրայելի անվտանգությունը համարում են Staatsräson կամ «պետական պատճառ»։ Գերմանացի առաջնորդները, մասնավորապես Մերցի պահպանողականները, դժկամությամբ են բացահայտ քննադատել Իսրայելի ռազմական արշավը Գազայում։ Սակայն Մերցի մեկնաբանությունները ենթադրում են, որ նրա կառավարության դիրքորոշումը կարող է փոխվել Գազայի հատվածում Իսրայելի նոր ռազմական հարձակման ֆոնին, քանի որ մարդասիրական խմբերի տվյալներով՝  Գազայի շատ բնակիչներ սովամահության վտանգի առջև են 11 շաբաթ տևած օգնության շրջափակումից հետո։

«Գերմանիան պետք է ավելի մեծ զսպվածություն ցուցաբերի, քան աշխարհի ցանկացած այլ երկիր՝ Իսրայելին հրապարակային խորհուրդներ տալիս։ Սակայն, երբ սահմանները հատվում են, երբ միջազգային մարդասիրական իրավունքն իսկապես խախտվում է, Գերմանիայի կանցլերը նույնպես պետք է ինչ-որ բան ասի դրա մասին», – հայտարարել է Մերցը:

Մերցը ենթադրել է, որ այս շաբաթվա վերջում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նախատեսված հեռախոսազրույցում կքննարկի Իսրայելի վերսկսված հարձակումը: «Մենք մեծ հետաքրքրություն ունենք Իսրայելի կողքին մնալու հարցում։ Սակայն Իսրայելի կառավարությունը չպետք է անի այնպիսի բան, որը նրա լավագույն ընկերներն այլևս պատրաստ չեն ընդունելու»։

Մերցի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Գերմանիայում աճում է բանավեճը կառավարության կողմից Իսրայելին ռազմական աջակցության շուրջ: Մերցի կրտսեր կոալիցիոն գործընկեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության որոշ օրենսդիրներ կոչ են անում դադարեցնել երկրի կողմից Իսրայելին զենքի արտահանումը: «Գերմանական զենքը չպետք է օգտագործվի մարդասիրական աղետներ տարածելու և միջազգային իրավունքը խախտելու համար», – գերմանական Stern ամսագրին տված հարցազրույցում նշել է է Բունդեսթագում SPD խմբակցության արտաքին քաղաքականության խոսնակ Ադիս Ահմետովիչը։

Այս ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Գազայի հատվածում «անտանելի» մարդասիրական իրավիճակը և կոչ արել Իսրայելին դադարեցնել իր նոր և ինտենսիվացված արշավը։

Ռազմագերիներ