
Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ-ն ընդլայնվի․ Օվերչուկ
Ռուսաստանը, նրա հարևանները և ամենամոտ դաշնակիցները կբարգավաճեն՝ Եվրասիայում ընդհանուր տնտեսական տարածք կառուցելով։ Գլոբալացման ավարտը չի խանգարի, այլ միայն կարագացնի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская газета»-ին տված հարցազրույցում։
«Մեր երկրները համատեղ ամրապնդում են տրանսպորտային և լոգիստիկ կապը ինչպես ԵԱՏՄ-ի շրջանակներում, այնպես էլ մեր ամենամոտ հարևանների հետ։ Իրականացվում է ԵԱՏՄ-ն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապելու ծրագիրը, և մենք համատեղ մշակում ենք Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև այլ միջմայրցամաքային ցամաքային երթուղիներ, որոնք թույլ կտան մեզ ավելի լավ իրացնել մեր մրցակցային առավելությունները Մեծ Եվրասիայում», – նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կցանկանար ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ նախևառաջ ներառելով այն երկրները, որտեղից գալիս են ամենամեծ թվով միգրանտներն՝ աշխատանքային միգրացիայի սահմանափակումների բացակայության պատճառով։
«Ժողովրդագրական իրավիճակը, աշխատուժի պահանջարկը և դրա արժեքը այնպիսին են, որ տնտեսությունը զարգացնելու և գնաճը զսպելու համար անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային միգրանտների», – նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ այս խնդրի մի մասը կարելի է լուծել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմամբ և աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, բայց սա երկարաժամկետ լուծում է, որը պահանջում է ներդրումներ, որոնք այսօր հատկապես թանկ են։
«ԵԱՏՄ օրենքը նպաստում է երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածության որոշակի մեղմացմանը: Այն թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ այն երկրի քաղաքացիները, որտեղ նրանք աշխատում են», – նշել է Օվերչուկը:
Մինսկը կնախագահի ԵԱՏՄ-ում 2025 թվականին: 2024 թվականի դեկտեմբերի 26-ին կազմակերպության գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է միութենական երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Մինսկում և այս միջոցառումը համատեղել Եվրասիական տնտեսական ֆորումի հետ։