
Մայիսի 28-ը հպարտության, հավատքի, միասնության և ապագայի կերտման ազդակ է․ Genesis Armenia
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ․
«Genesis Armenia-ն շնորհավորում է համասփյուռ հայությանը Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ, օր, որը հայ ազգային ինքնության վերահաստատման ու հայ ժողովուրդի պատմության փայլուն էջերից է։ Հայ ժողովուրդը, մոտ 600 տարվա ընդմիջումից հետո, վերականգնեց իր անկախությունն այն իրավիճակում, երբ ընդամենը երեք տարի առաջ ապրել էր ցեղասպանություն և կործանման եզրին էր հայտնվել։ Անցնելով անասելի փորձություններով՝ մենք կարողացանք կերտել անկախ պետականություն՝ հաստատելով մեր վճռականությունը՝ ապրելու ազատ, ինքնիշխան և արժանապատիվ կյանքով։ Մայիսի 28-ը դարձավ կամուրջ դեպի հետագա պետականության ամրապնդման և հիմնաքար Հայաստանի ապագայի համար։
Այսօր, մայիսի 28-ը միայն անցյալի հիշողություն չէ, այլ նաև հպարտության, հավատքի, միասնության և ապագայի կերտման ազդակ։ Ցավոք, ինչպես 1918թ․, մենք կանգնած ենք գոյութենական կրկնվող մարտահրավերների առաջ, և այն հաղթահարելու համար մեր մեջ պետք է վերականգնենք նույն ոգին, որը մեզ առաջնորդել է մայիսյան հերոսամարտերում։ Սարդարապատը հայության լինելիության ոգին է, նոր Ավարայր, որը ոչ թե գոյություն քարշ տալու, այլ հայության՝ ազատ, անկախ, արդար ու ամբողջական հայրենիքում ապրելու, արարելու, զարգանալու և համամարդկային քաղաքակրթական գանձարանը սեփական արժեքներով հարստացնելու կամքն ու կարողությունն է:
Genesis Armenia-ն հավատարիմ է իր առաքելությանը՝ նպաստելով հայրենիքի շենացմանը, ազգային արժեքների պահպանմանը։ Թող այս տոնական այս օրը դառնա ոգեշնչման նոր սկիզբ և հիշեցնի մեզ, թե ինչ կարող ենք անել միասին՝ հավատքով, միասնությամբ ու նպատակամղվածությամբ։
Մաղթում ենք խաղաղություն, ուժ, անսասան կամք՝ մեր միասնական երթում՝ հանուն գալիք հզոր Հայաստանի։
Շնորհավո՛ր անկախության տոնդ, հայ ժողովուրդ»,– ասված է ուղերձում։