
Իլոն Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը․ Associated Press
Ամերիկացի ձեռնարկատեր Էլոն Մասկը լքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականի պաշտոնը․ այս մասին մայիսի 28-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։
«Մասկը լքում է նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականի պաշտոնը՝ դաշնային բյուրոկրատիան կրճատելու և վերակազմավորելու գործընթացը ղեկավարելուց հետո», – նշել է գործակալությունը։
Այս պաշտոնում ամերիկացի ձեռնարկատերը վերահսկում էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։
«Մասկի աշխատանքը Թրամփի համար միշտ նախատեսված էր որպես ժամանակավոր, և նա վերջերս ազդանշան տվեց, որ կվերադառնա իր բիզնեսների կառավարմանը, ինչպիսիք են էլեկտրական մեքենաների արտադրող Tesla-ն և հրթիռային ընկերությունը` SpaceX-ը», – եզրակացրել է գործակալությունը։
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ իր՝ հատուկ պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին։ Միլիարդատերը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին կառավարության անարդյունավետ ծախսերը կրճատելու հնարավորության համար։