31 Մայ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրարամերժ հայտարարություններ՝ 1.5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. «Հետք»

Իրարամերժ հայտարարություններ՝ 1.5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. «Հետք»

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» հիմնադրամը 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության․ այս մասին գրել է «Հետք»-ը։

Ըստ  տնօրեն Կարինե Անդրեասյանի՝  իր գործունեության ընթացքում ընկերությունը պատրաստել է 13 մասնագետ։ Նրանցից ոչ մեկը, սակայն, պետական համակարգում չի աշխատում։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն կիբեռանվտանգության ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր չի կնքել։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, 2023 թվականի մայիսին 1.5 մլրդ դրամ ներդրում է արել «Սի էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում՝ դառնալով դրա 49% բաժնետերը։

Այս ընկերությունը հիմնադրվել էր ներդրումը ստանալուց 8 օր առաջ։ Ընկերության տնօրենը Կարինե Անդրեասյանն է՝ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին։ Անդրեասյանն ու Պահլավունին նաև համատեղ բիզես ունեն։ Նրանց է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի համապատասխանաբար 33 և 34%-ը։ Երբ «Սի էֆ Դաբլյուն» ստացել է ներդրումը, ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր։

«Հետք»–ի հրապարակումից հետո հոդվածին անդրադարձել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերն ամերիկյան «Orbis Operations» ընկերությունն է։

Հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին՝ խնդրելով պատասխանել, թե որտեղից նրան այդ և գրառման մեջ նշված մյուս տեղեկությունները։ Ինչպես նաև հարցրել էինք, թե ինչու է ինքն արձագանքել մեր հոդվածին, եթե երբևէ առնչություն չի ունեցել ԱՆԻՖ-ի կամ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի հետ։

Հարցումն արել էինք մարտի 26-ին, հինգ օր անց պատասխան ստացանք, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և մեր հարցերին կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Թեև անտրամաբանական էր 30 օր խնդրել հարցերին պատասխանելու համար, քանի որ եթե նա նման գրառում է արել, ենթադրվում է, որ պիտի կարողանար նաև սեղմ ժամկետում պատասխանել գրառման վերաբերյալ մեր հարցերին, սակայն մենք սպասեցինք 30 օր։ Ի վերջո պատասխան չստացանք։

Ի դեպ սա Հայկ Կոստանյանից իր հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու մեր երկրորդ փորձն էր։ Առաջին անգամ, երբ հարցում էին ուղարկել, նա պատասխանել էր, որ մեր հարցերի պատասխանները կարող ենք գտնել իր ճեպազրույցում։ Դրա ընթացքում, սակայն, մեր հարցերից որևէ մեկին պատասխան չէր տրվել։

«Հետքը» գրավոր հարցում ուղարկեց նաև «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ՝ ճշտելու քաղաքապետի խոսնակի ասած տեղեկությունը։

ՓԲԸ-ից պատասխանել են, որ «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 49%-ը պատկանում է իրենց, 48%-ը՝ «Արարատ թեքնոլոջիս» ՍՊԸ-ին, իսկ 3%-ը՝ «Հայկ հոլդինգս» ՍՊԸ-ին։

«Ամերիկյան ընկերությունների պատկանելիության շղթան առաջարկում ենք ճշգրտել Ընկերության նախկին տնօրենից կամ ամերիկյան ընկերություններից»,- նշել են պատասխանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ