
ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում հարյուրավոր զինվորականների․ Al Arabiya
ԱՄՆ-ն փակել է Սիրիայում գտնվող երկու ռազմաբազա և մեկ այլը փոխանցել քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) վերահսկողությանը՝ երկրում իր ռազմական ներկայության կրճատման շրջանակներում: Ամերիկյան հրամանատարությունը մի քանի շաբաթվա ընթացքում Արաբական Հանրապետությունից դուրս է բերել մոտ 500 զինվորականի, սաուդյան Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քրդական ուժերը կվերահսկեն Mission Support Site Euphrates ռազմաբազան: Երկու փակված ամերիկյան բազաներից հեռուստաալիքի զրուցակիցը նշել է Mission Support Site Green Village անունը: Ամերիկյան հրամանատարության կողմից լքված մյուս օբյեկտի անունը չի նշվում։
2015-2018 թվականներին քրդերի կողմից վերահսկվող սիրիական տարածքում ստեղծվել են ինն ամերիկյան ռազմական բազաներ և երեք հենակետեր: Դրանք գտնվում են Հալեպի, Դեյր էզ-Զորի, Ռաքքայի և Հասակեի նահանգներում, ինչպես նաև Իրաքին և Հորդանանին սահմանակից Աթ-Թանֆ շրջանում: Դրանք տեղակայել են 2200 ամերիկացի զինվորականների: Այս տարվա ապրիլին Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան հրամանատարությունը կրճատելու է իր զորակազմը Սիրիայում, որի արդյունքում՝ երկրում կմնա 1000-ից պակաս զինվոր:
Մարտի 10-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և քրդական դաշինքի հրամանատար Մազլում Աբդին ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն՝ SDF ստորաբաժանումները կդառնան կառավարական բանակի մաս: Կողմերը համաձայնության են եկել, որ բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանները, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող գազի և նավթի հանքավայրերը, կանցնեն Դամասկոսի նոր վարչակազմի իրավասության ներքո:
Սիրիայից դուրս ԱՄՆ-ն Իրաքում ունի մոտ 2500 զինվոր, Հորդանանում՝ 3500, իսկ Թուրքիայում՝ գրեթե 2000։