
Պայքար՝ ազդեցության համար․ Ադրբեջանը փորձում է կանխել իր երկու մտերիմ դաշնակիցների միջև բախումը
2023 թվականին Լեռնային Ղարաբաղը բռնագրավելուց և Հնդկաստան-Պակիստան վերջին բախման ժամանակ Պակիստանին աջակցելուց հետո, Ադրբեջանն այժմ օգտագործում է Իսրայելի և Թուրքիայի հետ իր սերտ հարաբերությունները՝ Սիրիայում տարածաշրջանային մրցակիցների միջև լարվածությունը մեղմելու համար. գրել է The Eurasian Times-ը։
Ինչպես նշվել է, 2025 թվականի մայիսին Ադրբեջանը հանդես է եկել որպես Պակիստանի ակտիվ կողմնակից Հնդկաստանի հետ լարվածության սրման ֆոնին՝ հնդկական «Սինդուր» ռազմական գործողության շրջանակներում։
Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը հաստատել է, որ Բաքվում ավելի քան երեք փուլով բանակցություններ են անցկացվել Թուրքիայի և Իսրայելի միջև, որոնք երկուսն էլ գործում են Սիրիայում՝ նվազեցնելու այն, ինչը նրանք համարում են անվտանգության սպառնալիքներ։ Ըստ հոդվածի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը Թուրքիայի օրհնությամբ անվտանգության մտահոգություններ է առաջացրել Իսրայելում։
Այդ ժամանակվանից ի վեր այն հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայի խորքում՝ ենթադրաբար կանխելու համար առաջադեմ զենքի հայտնվելը Սիրիայի նոր իշխանությունների ձեռքը, որոնց այն համարում է ջիհադիստներ։ Իսրայելը մեղադրել է Անկարային Սիրիան թուրքական պրոտեկտորատի վերածելու փորձերի մեջ, ինչը բախման մտավախություններ է առաջացնում։ Որպես Թուրքիայի մտերիմ դաշնակից և ռազմավարական գործընկեր՝ Ադրբեջանը մշտապես համամիտ է Անկարայի դիրքորոշումներին միջազգային կարևորագույն հարցերում, այդ թվում՝ սիրիական հարցում։ Սակայն այն նաև լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որը շատ կախված է ադրբեջանական նավթից և Բաքվի խոշոր զենքի մատակարար է։ Եվ հիմա Բաքուն, որը կապեր է հաստատել Սիրիայի նոր կառավարիչների հետ, առաջ է մղում լուռ դիվանագիտությունը՝ նպաստելով Թուրքիայի և Իսրայելի միջև տեխնիկական բանակցություններին։
«Տարածաշրջանում իր երկու լավագույն դաշնակիցների միջև բախումը մի իրավիճակ է, որն Ադրբեջանը բացարձակապես չի ցանկանում», – նշել է թուրք վերլուծաբան Սերկան Դեմիրթաշը։ Ինչպես հիշեցվել է, Թուրքիայի և Իսրայելի միջև կապերը խզվել են Գազայում Համասի դեմ Իսրայելի պատերազմի պատճառով, ընդ որում՝ Անկարան պնդում է, որ բանակցությունները միայն տեխնիկական բնույթի են եղել։ «Քանի դեռ Գազայի պատերազմը շարունակվում է, Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ», – AFP-ի հետ զրույցում նշելլ է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը՝ Գազայի պատերազմի պատճառով։ Սակայն որոշ թուրք ընդդիմադիր գործիչներ քննադատել են Անկարային՝ պնդելով, որ առևտուրը շարունակվել է, մասնավորապես՝ նավթի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, որը ադրբեջանական նավթը տեղափոխում է Ջեյհանի հարավային նավահանգիստ, որտեղից այն առաքվում է Իսրայել։ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն արժեքավոր աջակցություն է ստացել Իսրայելից ղարաբաղյան հակամարտության ժամանակ, սակայն, կարծես, դժկամությամբ է մեկնաբանում նավթի հարցը։ «Մենք պատերազմի ժամանակ զենք ենք գնել Իսրայելից, մենք վճարել ենք դրա համար, և Իսրայելը մեզ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել», – նշել է նա։
Անդրադառնալով Իսրայելին նավթի մատակարարումներին՝ Հաջիևը հայտարարել է, որ «ադրբեջանական նավթը հասնում է Ջեյհան, բայց երբ այդ նավթը բեռնվում է բաց ծովում նավարկող նավերի վրա, դուք չեք կարող վերահսկել վերջնական նպատակակետը։ Սրանք համաշխարհային նավթի շուկայի կանոններն են»։ Պարբերականը նաև նշել է, որ Ադրբեջանը երկու պատերազմ է մղել Հայաստանի հետ՝ Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար՝ մեկը 1990-ականներին, մյուսը՝ 2020 թվականին, մինչև որ 2023 թվականի սեպտեմբերին 24-ժամյա հարձակման միջոցով կարողացել է գրավել ամբողջ տարածքը։ Բաքուն այժմ փորձում է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, ինչը, եթե հաջողվի, մեծ առաջընթաց կլինի տարածաշրջանում, որտեղ հիմնական խաղացողները, այդ թվում՝ Ռուսաստանը և Թուրքիան, պայքարում են ազդեցության համար։