
Հակամարտության սպառնալիքը դեռևս սեղանին է․ ինչպե՞ս ՀՀ-ն կարձագանքի Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների ձեռքբերմանը․ Forbes
Հարավային Կովկասում ռազմական հավասարակշռությունը զգալիորեն փոխելու համար Պակիստանն Ադրբեջանին վաճառում է 40 չորրորդ սերնդի JF-17 Thunder կործանիչներ։ Այս քայլն, անկասկած, կմտահոգի հարևան Հայաստանին․ գրել է Forbes-ը։
Ինչպես նշվել է, Ադրբեջանը պաշտոնապես ընդլայնել է JF-17 կործանիչների պատվերը՝ 16-ից հասցնելով 40-ի՝ 4.6 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ինչը հաստատել է Պակիստանի կառավարությունը։ Սա Պակիստանի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական արտահանման պայմանագիրն է և անկասկած խթան է կործանիչների վաճառքի համար, որը Պակիստանը համատեղ մշակել է Չինաստանի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցները մայիսի վերջին հաղորդել էին, որ Բաքուն ինքնաթիռների քանակը և գործարքի արժեքը 1.6 միլիարդ դոլարից ավելացրել է մինչև մոտավորապես 4.2 միլիարդ դոլարի։ Սակայն նման հաղորդագրություններն անմիջապես հրապարակայնորեն չեն հաստատվել ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Իսլամաբադի կողմից։ Ադրբեջանն իր առաջին JF-17-ը ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 25-ին։ Բաքուն ստանում է վերջին տարբերակը՝ JF-17C Block III-ը, որը հագեցած է ակտիվ էլեկտրոնային սկանավորված ռադարով և այլ համակարգերով ու զենքերով, որոնք սովորաբար հանդիպում են առաջադեմ 4.5 սերնդի ինքնաթիռներում։
«JF-17-ը ծախսարդյունավետ տարբերակ է շատ մրցակցող արևմտյան կամ ռուսական տարբերակների համեմատ», – կարծում է RANE ռիսկերի հետախուզության ընկերության վերլուծության տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը։ Նրա խոսքով՝ JF-17-ը համատեղելի է մի շարք թուրքական համակարգերի հետ, որոնք Ադրբեջանն արդեն ունի, ինչն այն ավելի գրավիչ է դարձնում։
Ըստ Forbes-ի՝ գործարքն, անկասկած, տագնապ կառաջացնի Երևանում։ Նախկինում Հայաստանը ձգտում էր հզորացնել իր համեստ ռազմաօդային ուժերը, որոնք չունեին որևէ կործանիչ՝ 2019 թվականին Ռուսաստանից թանկարժեք Su-30SM Flanker կործանիչներ ձեռք բերելու միջոցով։ Թեպետ սկզբնական պայմանավորվածությունը եղել է 12-ի վերաբերյալ, մինչ օրս Հայաստանը ստացել է միայն չորսը։
Ինչպես նշվել է հոդվածում, այս ֆլանկերն անգործ են մնացել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Ռեակտիվ ինքնաթիռները նաև չեն կարողացել վհատեցնել Ադրբեջանին հետագա սահմանային բախումների և ադրբեջանական բանակի՝ 2023 թվականի սեպտեմբերին կայծակնային հարձակման ժամանակ, որի արդյունքում՝ Բաքուն գրավել է ամբողջ Լեռնային Ղարաբաղը և տեղահանել նրա հայ բնակչությանը։
Լիխտենշտեյնն ընդգծել է, որ չնայած 2025 թվականի մարտին տասնամյակներ տևած հակամարտությունը լուծելու համար նախատեսված խաղաղությանպայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայությանն, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը կատարի վիճելի սահմանադրական փոփոխություններ, որոնք հետաձգում են համաձայնագրի պաշտոնական ստորագրումն ու իրականացումը: «Այս հետաձգումը, որը, հավանաբար, կշարունակվի մինչև ՀՀ-ում 2026 թվականին կայանալիք ընտրությունները, բաց է թողնում դուռը ռազմական նոր սրացման համար, քանի որ Բաքուն անհամբեր է դառնում Երևանի նկատմամբ և հաշվարկում է, որ դա քիչ կամ ընդհանրապես ոչ մի հակազդեցության չի բախվի Արևմուտքի, Ռուսաստանի կամ այլ կարևոր արտաքին ուժերի կողմից», – նշել է փորձագետը:
Չնայած հայկական ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի պահանջներին՝ Հայաստան լայնածավալ ներխուժումը քիչ հավանական է թվում։ Այնուամենայնիվ, կարող են լինել ավելի շատ սահմանային բախումներ, հատկապես, եթե Բաքուն փորձի կապ հաստատել իր Նախիջևանի էքսկլավի հետ՝ ստեղծելով իր ինքնահռչակ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ամենահարավային սահմանամերձ Սյունիք նահանգի միջով։
«Քանի որ մեկ այլ հակամարտության սպառնալիքը դեռևս սեղանին է, Հայաստանը, հավանաբար, կօգտագործի Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի հետ իր աճող պաշտպանական գործընկերությունները Ռուսաստանի հետ լարվածությունը նվազեցնելու շարունակական փորձերի հետ մեկտեղ՝ փորձելով մեղմել Ադրբեջանի ռազմական գերիշխանությունը», – նշել է Լիխտենշտեյնը։
Հայաստանը երկար ժամանակ մեծապես կախված է եղել Ռուսաստանից՝ զեղչված ռազմական տեխնիկա ձեռք բերելու առումով։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2011-2020 թվականներին Հայաստանի զենքի ներմուծման 94 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Դա կտրուկ փոխվել է 2020 թվականի պատերազմում Հայաստանի կրած աղետալի պարտությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր Երևանը ձգտել է դիվերսիֆիկացնել իր պաշտպանական աղբյուրները՝ մինչև 2024 թվականը Ռուսաստանից զենքի ներմուծումը կրճատելով մինչև 10 տոկոսի։
Ինչպես նշել է պարբերականն, անհասկանալի է, թե արդյո՞ք Հայաստանը վերջնականապես կդիմի Ֆրանսիային՝ բազմաֆունկցիոնալ Dassault Rafale կործանիչներ ձեռք բերելու համար՝ Ադրբեջանի JF-17 գնմանը համարժեք լինելու համար՝ հատկապես հաշվի առնելով Երևանի համար բարձր գինը։
«Չնայած Երևանը, հավանաբար, կձեռնարկի ջանքերի մի քանի ուղղություններ, այն, հավանաբար, կկենտրոնանա Հնդկաստանում արտադրված Su-30MKI-ներ ձեռք բերելու վրա, քանի որ դրանք շատ ավելի մատչելի են, քան ֆրանսիական Rafale-ները», – նշել է Լիխտենշտեյնը:
Հնդկաստանը արտադրում է ռուսական մարտական ինքնաթիռի եզակի Սու-30ՄԿԻ տարբերակը։ Այն շուտով կարող է արտահանել այս ինքնաթիռներից մի քանիսը և անկասկած Հայաստանին համարում է պոտենցիալ հաճախորդ։ Այս տասնամյակի սկզբից ի վեր Երևանն արդեն իսկ ռեկորդային գործարքներ է կնքել հնդկական արտադրության զենքի համար։ Ավելին, Նյու Դելին իդեալական թեկնածու է Հայաստանի առկա Սու-30ՍՄ-ները արդիականացնելու և դրանք հնդկական արտադրության տարբեր զինամթերքի ու զենքերի հետ համատեղելի դարձնելու համար։
«Հնդկաստանը, հավանաբար, նույնպես կհետաքրքրվի այս համակարգերը մատակարարելով՝ Ադրբեջանի կողմից Հնդկաստանի գլխավոր մրցակից Պակիստանից կործանիչներ ձեռք բերելուն հակազդելու համար», – կարծում է Լիխտենշտեյնը՝ հավելելով, որ Հայաստանը, հավանաբար, նաև ձգտում է արդիականացնել իր օդային պաշտպանությունը Հնդկաստանից, Իրանից կամ այլ երկրներից ստացված համակարգերով։