
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ տարածաշրջանում հնարավոր ռազմական սրացման ֆոնին
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Մուսկատում կիրակի՝ հունիսի 15-ին․ հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X-ում։
Ինչպես հիշեցրել է ТАСС-ը, ԱՄՆ-ն և Իրանը ապրիլից ի վեր անուղղակի բանակցություններ են վարում Օմանի միջնորդությամբ։ Բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։
Նոր համաձայնության հասնելու մի քանի փորձերից հետո բանակցությունները վտանգի տակ են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուրանի հարստացման շուրջ տարաձայնությունների պատճառով։ Ամերիկյան կողմը պնդում է, որ հանրապետությունը լիովին հրաժարվի ուրանի հարստացումից իր միջուկային օբյեկտներում։
Իրանը, իր հերթին, հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանի հարստացման մակարդակը այժմ մոտ է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ մակարդակին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ուժի դիմել, եթե հանրապետությունը հրաժարվի համաձայնագրից։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրաքում իր դեսպանատան մասնակի տարհանման՝ «տարածաշրջանում անվտանգության ռիսկերի աճի» պատճառով։ Բացի այդ՝ գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել է Մերձավոր Արևելքի երկրներից ամերիկացի զինծառայողների ընտանիքների անդամների կամավոր մեկնումը։ Այս որոշումը հիմնականում վերաբերում է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։
Թրամփը հաստատել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող որոշ դեսպանատների աշխատակիցներ դուրս են բերվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Դիվանագետների տարհանումը պատրաստվում է Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի հետ կապված թիրախներին հարվածելու մտադրության մասին հաղորդագրությունների ֆոնին։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ պատերազմի դեպքում՝ Իսլամական Հանրապետությունը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաների վրա։
Ավելի վաղ Թագավորական նավատորմի ծովային նավագնացության համակարգման կենտրոնը նախազգուշացում է տարածել տարածաշրջանում հնարավոր ռազմական սրացման մասին։ Կենտրոնը խորհուրդ է տվել նավերին զգույշ լինել Պարսից ծոցում, Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցում։