
Վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից․ Սամվել Կարապետյան
Գործարար, «Տաշիր Գրուպ» ձեռնարկությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ կապված երեկ տեղի ունեցած իրադարձությունների հետ։
«Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։ Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան Եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ,
առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։
Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իմ ու ընտանիքիս կյանքի և գործունեության առանցքում։ Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ:
Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»,– ասված է հայտարարության մեջ։