
Թուրքական մամուլի արձագանքը Փաշինյան-Էրդողան հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում լայն արձագանք է գտել թուրքական առաջատար լրատվամիջոցներում։
CNN Türk. Քաղաքական օրակարգ՝ առանց բացահայտումների
Այս վերտառությամբ հոդվածում նշել է, որ շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը, Հարավային Կովկասում կայունության հաստատման ուղիները և տարածաշրջանային վերջին զարգացումները։
«Թեև կոնկրետ համաձայնությունների մասին տեղեկություն չի հրապարակվել, ընդգծվել է, որ դիվանագիտական շփումները շարունակվելու են։ Երրորդ երկրների միջնորդության անհրաժեշտության մասին որևէ ուղիղ ձևակերպում չի արվել»,-գրել է լրատվամիջոցը։
Sabah. Դուրս գալ մեկուսացումից
Թերթի մեկնաբանությամբ՝ Փաշինյանը հասկացել է Հայաստանի մեկուսացված վիճակը և այս հանդիպումով ակնհայտորեն փորձել է արագացնել գործընթացը սահմանների բացման։
Նշվում է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ինչը հնարավորություն կտա Երևանին ներգրավվել տարածաշրջանային տնտեսական և քաղաքական նախագծերում՝ դուրս գալով «փակ ցանցից»։
Cumhuriyet. Զգուշավորություն Բաքվի ազդեցության հարցում
Թերթը շեշտել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանում ռեժիմի հնարավոր փոփոխության մասին ակնարկների հետ, կարող է ազդել թուրքական կողմի հաշվարկների վրա։Սակայն ընդգծվել է, որ այս փուլում կողմերն աշխատում են առանց բաց նախապայմանների, և օրակարգային հարցերը քննարկվում են գործնական տրամաբանությամբ։
MedyaYazar . Աշխատանքային այց՝ հստակ ձևաչափով
Հանդիպումը բնութագրվել է որպես «թուրք-հայկական իրադարձություն»՝ հստակ կառուցվածքով և օրակարգով։
Ըստ պարբերականի՝ սա սովորական արարողակարգային այց չէր, այլ կոնկրետ աշխատանքի նպատակով կազմակերպված դիվանագիտական շփում։
Turkish Minute և այլ աղբյուրներ. Կարգապահություն և բովանդակային շեշտադրումներ
Լրատվամիջոցը հանդիպումը նկարագրել է որպես «գործնական և խորքային»։
Նշվել է, որ շեշտը դրվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային անվտանգության ապահովման և հաղորդակցական ուղիների ակտիվացման վրա։
Թուրքական մամուլի արձագանքները, ընդհանուր առմամբ, միանման էին։ Մինչ հայկական կողմը խոսում է «պատմական այցի» մասին, Թուրքիայում դա գնահատվում է որպես դիվանագիտական գործընթացի շարունակություն։