
Սուրբ Էջմիածինը շարունակելու է անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը և համախմբել համայն հայությանը. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձով դիմել է հայ ժողովրդին.
«ՄԵՐ ՊԱՏԳԱՄԸ
ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն։
«Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք,
քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»
(Ա Կորնթ. 3.11)։
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների՝ հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից և սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ։
Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում՝ վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին և առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը և նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին։ Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ և ժողովուրդ սեփական (Ա Պետր. 2.9) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան և մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն։ «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.11),- ասում է Պողոս առաքյալը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու ոգին է, մեր անցյալն ու ներկան և մեր ապագան։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։ Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության, և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ «Ի վերայ Աջոյն և Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կան»,- ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը։
Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին։ Կաթողիկոսանիստ Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ Հայրապետական առաջնորդություն և օրհնություն է բաշխվում համայն հայությանը։ Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ Հայրապետական Աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում և վերականգնեց իր անկախ պետականությունը։ Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը, ցավալիորեն, կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Բայց հավատավոր մեր ժողովուրդը, ունկնդիր Տիրոջ խոսքին, թե՝ «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12.25), միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և ի սեր հայրենյաց համախմբվածությունը։ Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի՝ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը՝ հավատարիմ հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը և համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։
Սիրելիներ, որդիական հավատարմության զգացումներով այսօր դուք՝ որպես ուխտավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եք՝ օրհնություն ստանալու տոնի առիթով դուրս բերված Տերունական Սուրբ Խաչի Մասունքից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջից, Սուրբ Գեղարդից և երկրպագության համար ձեզ մատուցված սրբություններից։ Այս սրբությունների հրաշագործ զորությամբ մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում փորձությունների մեջ մխիթարություն պիտի գտնենք, ուժ առնենք նեղությունները դիմագրավելու, բարօր կյանք ու լուսավոր ապագա կերտելու»: