25 Հնս
2025
31.2° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալանավորումներ, խուզարկումներ ՀՀ-ում․ ու՞մ տուն է այցելել ԱԱԾ-ն

Կալանավորումներ, խուզարկումներ ՀՀ-ում․ ու՞մ տուն է այցելել ԱԱԾ-ն

Այսօր՝ վաղ առավոտյան, ԱԱԾ հատուկջոկատայինների ուղեկցությամբ մի շարք խուզարկություններ են սկսել ընդդիմադիր պատգամավորների, գործիչների, քաղաքացիների բնակարաններում։ Առաջին խուզարկությունը «Սրբազան պայքար» անունը կրող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրից է սկսվել, շարունակվել նաև շարժման աջակիցների բնակարաններում։ Մի քանի տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ անցկացած խուզարկությունն ավարտվել է Բագրատ սրբազանի ձերբակալությամբ։

Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Խուզարկություններից հետո Դաշնակցության Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին տեղափոխել են քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին:

ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։

Հաջորդ խուզարկությունը անցկացվել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում։ Ըստ կուսակցության՝ տեղի ունեցածը «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը վախեցնելու հերթական փորձն է։

Խուզարկությունների ալիքը տեղափոխվել է նաև Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներ։ «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի խոսքով՝ խուզարկել են ընդդիմադիր հայացքներ ունեցող Էջմիածնի բնակիչների տները։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը: Նրանց հետո տեղափոխել են քննչական բաժիններ։

Բերման ենթարկվածների շարքում է նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Ռազմագերիներ