
Թրամփը պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցով բանակցելու համար․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրերի համար․ այս մասին նա հայտարարել է Հաագայից վերադառնալուց հետո, որտեղ տեղի է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։
«Մեր վերջնական նպատակն է անցկացնել հանդիպում երկրի ղեկավարների մակարդակով և հասնել երկար սպասված խաղաղության։ Ես նաև այս մասին տեղեկացրել եմ ԱՄՆ նախագահ Թրամփին մեր հանդիպման ժամանակ (Հաագայում)։ Նա ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա կարգավորման համար, ապա նա նույնպես կգա Ստամբուլ կամ Անկարա։ Մենք կհաստատենք անհրաժեշտ կապերը և, հուսով եմ, կհանդիպենք որքան հնարավոր է շուտ», – Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանը հայտարարել է նաև, որ Ուկրաինայի հարցով Ստամբուլում կայացած բանակցությունները բացել են խաղաղության դուռը, և հանրապետությունը ջանքեր կգործադրի կողմերին մերձեցնելու համար, քանի դեռ կա հակամարտության խաղաղ կարգավորման հույս։
«Մենք վճռականորեն ասում ենք, որ այս պատերազմը պետք է ավարտվի։ Տարածաշրջանն այլևս չի կարող դա հանդուրժել։ Տարածաշրջանում պետք է կառուցվի արդար և երկարատև խաղաղություն։ Նույնիսկ եթե բոլորը հրաժարվեն խաղաղության ցանկությունից, մենք դա չենք անի։ Թուրքիան մեծ նշանակություն և առաջնահերթություն է տալիս դիվանագիտությանը հակամարտությունների լուծման գործում։ Մեր տարածաշրջանն արդեն սպառել է անկայունության և հակամարտությունների իր քվոտան։ Հիմա անհրաժեշտ է մեղմել մեր տարածաշրջանի, և, հետևաբար, ամբողջ աշխարհի իրավիճակը՝ կայունություն կառուցելով և խաղաղության դռները լայնորեն բացելով։ Բոլորը սա են սպասում։ Սա հատկապես սպասվում է Թուրքիայից։ Եվ՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը բազմիցս ցույց են տվել, որ վստահում են մեզ», – նշել է Էրդողանը։