
Գինը՝ հնգամյա իշխանություն․ «փոքրիկ հայ Թրամփն» առանց ամաչելու խնդիրներ է հրահրում, զբաղվում քաղաքական և անձնական տրոլինգով․ РБК
Երևանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդ Բագրատ արքեպիսկոպոը, և նրա կողմնակիցները ձերբակալվել են պետական հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով։ Այս գործը վերաբերում է ոչ միայն Բագրատ սրբազանի և վարչապետ Փաշինյանի անձնական բախմանը, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև կոնֆլիկտին. գրել է РБК-ն։
Կայքի կողմից հարցված փորձագետները գործադիր իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու միջև բախումը կապում են հաջորդ տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ։ «Նիկոլ Փաշինյանը իրեն պահում է «փոքրիկ հայ Թրամփի պես»։ Ոչ մեկից չամաչելով՝ նա անում է այն, ինչ ուզում է՝ խնդիրներ հրահրելով, զբաղվելով քաղաքական և անձնական տրոլինգով։ Նույն ոճը, պնդումները, հավակնությունները և, ես կասեի, որոշակի անադեկվատությունը», – РБК-ին մեկնաբանել է քաղաքագետ և ԱՊՀ երկրների փորձագետ Արկադի Դուբնովը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանի գործողությունները խորհրդարանական ընտրություններից առաջ կանխարգելիչ հարված են ընդդիմադիր ուժերին։ «Ներկայումս Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ գերիշխող չէ։ Փաշինյանի և նրա կուսակցության աջակցությունը տատանվում է 10-15%-ի սահմաններում։ Հայ ընտրողը նյարդայնացած է, հիասթափված, բայց եթե ընտրությունները կայանային այսօր, Փաշինյանը միևնույն է կգերազանցի իր հակառակորդներին», – կարծում է փորձագետը։
Նրա խոսքով՝ հին ընդդիմադիր ուժերի համար կոնսոլիդացիայի հնարավորություն չկա, և այս ֆոնի վրա՝ ի հայտ են գալիս նորերը։ Իրավիճակը նման է 2018 թվականին տեղի ունեցածին, որի արդյունքում՝ Փաշինյանը, ստանալով ներքևից աջակցություն, ընդհանուր առմամբ, ոչ քաղաքականացված բնակչության կողմից, իշխանության եկավ։ Դուբնովի կարծիքով՝ վարչապետը հասկանում է «այս տեսակի ժողովրդական աջակցության տարերքը» և գիտակցում, թե որքան վտանգավոր է այն իր համար։
Международная аналитика ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը զգուշացնում է, որ Փաշինյանը «վտանգավոր խաղ է սկսել»։ «Նա արդեն խախտել է մի շարք չգրված հայկական քաղաքական տաբուներ՝ նախաձեռնելով «նախկին» մարդկանց քրեական հետապնդումների շարք, սկսելով աննախադեպ հակաեկեղեցական արշավ, որը համեմատելի է միայն վաղ խորհրդային տարիներին», – պնդում է փորձագետը։
Վարչապետի կուրսը նպատակ ունի ձևավորել «միատարր քաղաքական տարածք», և դրանք ոչ միայն «հարձակողական գործողություններ են, այլև՝ կանխարգելիչ հարվածներ»։ «Խնդրի գինը հնգամյա ժամանակահատվածի հիմնական ընտրարշավն է։ Եվ դրանում պարտությունը հավասարազոր է իշխանությունից և քաղաքականությունից վաղաժամ հեռանալուն, քանի որ հին տաբուները խախտվել են, հին կանոնները չեն գործում, և կան բազմաթիվ տարբեր տրամաչափի վրիժառուներ, նույնիսկ եթե նրանց վարկանիշային տոկոսները առանձնապես տպավորիչ չեն», – ամփոփել է Մարկեդոնովը։