
Սրբազան, ոչ մի տեղ չեք գնալու, եթե տանելու են, թող բոլորիս տանեն․ հոգևորականները՝ ի պաշտպանություն Միքայել սրբազանի
Հոգևորականները շրջապատել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և հորդորում են չգնալ ՔԿ։ Մայր Աթոռից ուղիղ եթերի ընթացքում Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հոգևորականների մոտ կարդաց ՔԿ–ից ուղարկված փաստաթուղթը։
«Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ համապատասխան հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսին։ Վարույթը նախաձեռնվել է իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու համար։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական գործընթացների շրջանակում է կատարվում։ Ընթացակարգը այսպես է լինելու․Միքայել սրբազանը եթե ներկայանա ՔԿ, պետք է իրենք միջնորդություն ներկայացնեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար։ Դրանից հետո դատարանը կորոշի։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ Միքայել սրբազանին պաշտպանելու համար փաստաբանական խումբ է ձևավորված»,- ասել է փաստաբանը։
Հոգևորականները Միքայել սրբազանին հորդորեցին չգնալ: «Սրբազան, ոչ մի տեղ չեք գնալու, եթե տանելու են, թող բոլորիս տանեն»,-ասացին հավաքված հոգևորականները: