
Արամ Ա կաթողիկոսը եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհների մասին է խոսել
Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլը հրապարակային մեղադրանքների և արտահայտությունների դադարեցումն է, պետք է հարգել մեր սրբավայրերը՝ երկյուղի մոտեցումով. ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը՝ իրեն այցելած և իր հետ հեռախոսով զրուցած հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին:
Վեհափառը փոխանցել է, որ ներկա կացության մեջ Հայաստանը կարող է կանգնել թե՛ ներքին, թե՛ արտաքին ահավոր վտանգների առաջ:
«Անհրաժեշտ է, որ մեր գերագույն ճիգը թափենք՝ նման վտանգավոր պայմանների առաջացումը կանխելու համար Եկեղեցին, իր հերթին, կոչված է քննելու և համապատասխան լուծումներ որոնելու, ինչպես պետությունը, իր կարգին, իրեն հետ աղերս ունեցող հարցերին պետք է մոտենա համապատասխան կերպով՝ հեռու մնալով առավել բարդություններ ու բևեռացումներ ստեղծող քայլերից: Հարկ է hարգել պետության օրենքները, միաժամանակ՝ եկեղեցու հեղինակությունը, և իր հարցերը ներքին ճամբով քննելու իրավունքը: Անհրաժեշտ է մանավանդ հեռու մնալ այնպիսի լեզու և ոճ գործածելուց, այնպիսի մոտեցումներից, որոնք չեն համապատասխանում մեր հոգևոր, ազգային նու բարոյական արժեքներին ու չափանիշներին: Հետևաբար, ներկա բարդ իրավիճակից դուրս գալու առաջին հանգրվանը պետք է լինի ամեն տեսակ հրապարակային հայտարարությունները դադարեցնելը»,-ասել է Արամ Ա կաթողիկոսը:
Նա նշել է, որ ինքը ցավով է տեղեկացել պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մտնելու և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին:
«Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը՝ երկյուղաց մոտեցմամբ: Նաև կոչ ենք անում պատկան պարմիններին՝ դադարեցնել ձերբակալությունների արշավն ու հանդարտ մոտենալ հակաօրինական նկատվող կացություններին ու պարագաներին:
«Ներկա բարդ կացությունից դուրս գալու, և որպես առաջին քայլ, հրապարակային հայտարարությունները դադարեցնելու հարցով Վեհափառը շարունակելու է իր խորհրդակցությունները կուսակցությունների ու կազմակերպություններին, բնականաբար նաև Հայաստանի իշխանության հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդությունների առաջքն առնել և հանդարտ մթնոլորտում լուծման ճամփաներ որոնել՝ փոխադարձ հասկացողության և հարգանքի մթնոլորտում»,-ասված է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ: