
Վենետիկի Մխիթարյան միաբանությունը աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն աջակցություն են հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր Հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։
Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսին և հայ ազգին։
Ամենակալ Տեր Աստված, փրկիր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»։