30 Հնս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցնցում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև աշխարհասփյուռ հայությանը․ ՀԲԸՄ

Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցնցում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև աշխարհասփյուռ հայությանը․ ՀԲԸՄ

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․

«Հայոց ազգը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցնցում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև աշխարհասփյուռ հայությանը։ Ինչպես նախկինում՝ մեր ժողովրդի պատմության ճգնաժամային պահերին, ՀԲԸՄ-ն կրկին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և ազգային միասնություն։

Իրադարձությունների զարգացումների ընթացքում կարևոր է վերահաստատել, որ պետք է հարգել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը, այնպես էլ համաշխարհային հետևորդներ ունեցող ﬔր Ազգային Եկեղեցու հստակ վարչակարգը, օրենքներն ու կանոնադրությունը։

Կառավարության հիմնական իրավունքներն ու պարտավորություններն առնչվում են երկրի կառավարմանն ու Հայաստանի Հանրապետությունում օրենքների պահպանմանը ժողովրդավարական գործընթացի շրջանակներում՝ հարգելով անհատների խոսքի ազատության իրավունքը։ Միևնույն ժամանակ, Եկեղեցին ունի իրավունք և պարտավորություն հոգևոր առաջնորդություն ցուցաբերելու հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայությանը։

Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հստակ տարանջատում են պետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերերն ու պարտավորությունները։ Թեև որևէ հաստատության կամ դրա ղեկավարության հասցեին կառուցողական քննադատությունը (կամ անհամաձայնությունը) ողջամիտ է, հակասահմանադրական միջամտությունն ու քայքայիչ հռետորաբանությունն անընդունելի են։

Ներկայիս կառավարությունն աշխատում է ապահովել Հայաստանի և իր քաղաքացիների խաղաղությունն ու բարօրությունը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհասփյուռ հայերի համար ծառայում է որպես հավատքի և ազգային ինքնության հենասյուն։ Եկեղեցին ավելի քան 1700 տարի հայ ժողովրդի համար եղել է ուղղորդող ուժ՝ դիմակայելով կայսրություններին, թագավորություններին, բռնապետական վարչակարգերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդի համակարգված բնաջնջման փորձին։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, մերժել պառակտումը և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ համախմբվելու փոխադարձ հարգանքի և համազգային շահերի շուրջ։ Մենք պետք է առաջ շարժվենք միասին, քանզի միությունը զորություն է, և միայն միասնական լինելով կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները»,– ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ