30 Հնս
2025
21.2° c ԵՐԵՎԱՆ
19.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ այս մասին հայտարարությամբ են հանդես եկել պաշտպաններ Սլավիկ Պողոսյանը և Արտակ Նավասարդյանը։

«2025 թվականի հունիսի 25-ին Դավիթ Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինիս ներկայացվել է մեղադրանք, որի փաստական նկարագրությունը համընկնում է ՀՀ քննչական կոմիտեի 25.06.25 թվականի հայտարարության բովանդակությանը:

Թե´ մեղադրանք ներկայացնելու, թե´ Դ. Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդության դատական քննության ընթացքում պաշտպանության կողմը փաստարկել է այն մասին, որ Դ. Գալստյանին ներկայացված մեղադրանքն անորոշ է, մեղադրանքի փաստական նկարագրությունից պարզ և հասկանալի չէ, թե Դ. Գալստյանին կոնկրետ ի˚նչ գործողություն(ներ) է վերագրվում, որը կարող էր որակվել որպես ահաբեկչության կամ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն: Այդուհանդերձ, Դ. Գալստյանին ներկայացված մեղադրանքը չի որոշակիացվել, մեղադրանքի էությունը պատշաճ չի պարզաբանվել, ինչը պետք է դիտարկել որպես վերջինիս պաշտպանության նախապատրաստության և պաշտպանության իրավունքների խախտում:

Դ. Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացված ծավալուն նյութերի ուսումնասիրւթյունից պարզ է դարձել, որ վերջինս Բագրատ Սրբազանին հանդիպել է 2 անգամ` 2025 թվականի մարտի 3-ին և նույն թվականի մարտի 11-ին, մինչդեռ այդ հանդիպումների ընթացքում հակաօրինական, այդ թվում` մեղադրանքում նշված, որևէ գործողություն պլանավորելու, կազմակերպելու կամ իրականացնելու վերաբերյալ որևէ խոսակցություն, քննարկում տեղի չի ունեցել: Առհասարակ, միջնորդությանը կից նյութերում առկա չեն եղել այնպիսի փաստական տվյալներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կառաջացնեին այն համոզումը, որ Դ. Գալստյանը հնարավոր է մասնակցել է մեղադրանքում նշված ենթադրյալ գործողությունների պլանավորմանը, կազմակերպմանը կամ գոնե տեղյակ է եղել դրանց մասին: Հետևաբար, բացակայել է Դ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում` կալանք, կիրառելու համար անհրաժեշտ իրավաչափության պայմանը` հիմնավոր կասկածը:

Մինչդեռ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, պարզապես հղում կատարելով վարույթի նյութերում առկա փաստաթղթերի վերնագրերին, չանդրադառնալով դրանց վերաբերելիությանը, առանց բացահայտելու և նկարագրելու դրանց բովանդակությունը, առանց մատնանշելու, թե կոնկրետ ո˚ր փաստաթղթում առկա ո՞ր փաստական տվյալներն են վկայում հիմնավոր կասկածի առկայության մասին, եզրահանգել է, որ քննության այս փուլում առկա են բավարար շեմով փաստեր և ապացույցներ առ այն, որ Դ. Գալստյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը` որոշում կայացնելով նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարելու մասին: Այլ կերպ, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական հիմքերը, դրանում արտացոլված չեն փաստաթղթերի գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները, ինչը վկայում է այդ որոշման չհիմնավորված և չպատճառաբանված լինելու մասին: Հետևաբար, խախտվել են նաև Դ. Գալստյանի անձնական ազատության և անձեռնմխելիության, ինչպես նաև պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքները:

Տեղեկացնենք նաև, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերը նշված որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք»,- նշված է հայտարարությունում։

Ռազմագերիներ