
Բաքվում ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում ընդունված նորմերին․ Պեսկով
Բաքվում ռուս լրագրողների ձերբակալությունը բացարձակապես չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ընդհանուր ընդունված նորմերին և ոգուն։ Այս դիրքորոշումը ճեպազրույցի ժամանակ արտահայտել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը կոնկրետ լրագրողների մասին է։ Եվ, իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր ընդունված կանոններին և նորմերին, ոգուն և բնույթին», – ասել է նա։
Հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում։ Ավելի ուշ նախարարությունը հայտնել է գործակալության գրասենյակում մի քանի անձանց ձերբակալման մասին, այդ թվում՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի։ «Սպուտնիկ»-ի խմբագրությունը հայտնել է, որ իրենք Ադրբեջանում աշխատելու որևէ պաշտոնական արգելք չեն ստացել, և որ երկխոսություն է ընթանում աշխատանքային խմբերի մակարդակով՝ հնարավոր անհամաձայնությունները լուծելու համար։