
Բաքուն դադարել է Մոսկվային ընկալել որպես միջնորդ և արտաքին ուժ, որը կարող է կանոններ թելադրել տարածաշրջանում․ Deutsche Welle
Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք միջադեպեր վկայում են Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կտրուկ սառեցման մասին: Մոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական ճգնաժամ է հասունանում, որը վատթարացնում է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները վերջին շրջանում․ գրել է Deutsche Welle-ն։
Ինչպես նշվել է, պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած միջադեպն էր, որտեղ Ռուսաստանի անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել և ձերբակալել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների՝ անցյալ տարիների քրեական գործերի քննության շրջանակներում սպանությունների և մահափորձերի կասկածանքով: Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում լուրջ շրջադարձային պահ էր ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումը. DW-ի կողմից հարցված փորձագետները համաձայն են այս հարցում:
Ուղևորատար ինքնաթիռը, որի մեջ եղել են անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, խոցվել է ռուսական «երկիր-օդ» դասի հրթիռով 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Գրոզնիի մոտ, որտեղ այդ ժամանակ գործում էր հակաօդային պաշտպանությունը: Արդյունքում 38 մարդ մահացել է:
Ադրբեջանցի քաղաքագետ և հակամարտությունների փորձագետ Արիֆ Յունուսովի խոսքով՝ երկու երկրների լրատվամիջոցներում հույզերի և կոշտ հռետորաբանության ալիքը պատահական չէ։ Նա համոզված է, որ տեղեկատվական արշավը համակարգվում է իշխանությունների կողմից, և երկկողմ հարաբերությունների բնույթը մեծապես որոշվում է առաջնորդների անձնական տրամադրություններով: Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար ինքնաթիռի հետ կապված ողբերգությունն անձնական երանգ է ստացել. միջադեպի պահին Ռուսաստանի երկնքում էր նաև նախագահական ինքնաթիռը, որը, տեսականորեն, նույնպես կարող էր դառնալ հակաօդային պաշտպանության թիրախ: Առաջինը ներողություն է խնդրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, և դա, ըստ Յունուսովի, Բաքվում նյարդայնացրել է:
«Ալիևն, անունով չդիմելով Կադիրովին, կտրուկ նշել է, որ ուրիշները չպետք է զանգահարեն իրեն», – նշել է փորձագետը: Ըստ Յունուսովի՝ եթե Վլադիմիր Պուտինն անձամբ առաջինը զանգահարեր Ալիևին, հանրային վիրավորանքից կարելի էր խուսափել:
Հարավային Կովկասի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը նույնպես նմանատիպ կարծիք ունի։ Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն, իր հերթին, օգտագործում է իրավիճակի սրումը միջազգային ասպարեզում իր դիրքերը ամրապնդելու համար։
«Կարևոր է, որ Ալիևը ներկայանա որպես ինքնիշխան առաջնորդ՝ ունակ «ո՛չ» ասելու և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։ Հիմա մենք տեսնում ենք հենց այս ուղղության ցուցադրումը», – եզրակացրել է փորձագետը։
Ինչպես նշվել է, իրավիճակը փոխվել է ղարաբաղյան պատերազմներից հետո։ Յունուսովի կարծիքով՝ Ադրբեջանը սկսել է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, նախևառաջ՝ դեմ արտահայտվելով ռուս խաղաղապահների տեղակայմանը։
Բաքուն դադարել է Մոսկվային ընկալել որպես միջնորդ և արտաքին ուժ, որը կարող է կանոններ թելադրել տարածաշրջանում, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ և պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ Յունուսովի խոսքով՝ սա մեծացրել է Կրեմլի գրգռվածությունը և կտրուկ փոխել է ռուսական լրատվամիջոցների հռետորաբանությունը Ադրբեջանի նկատմամբ։ «Կրեմլը կորցրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունների վրա խաղալու հնարավորությունը», – կարծում է նա։
Ռուսաստանը այժմ փորձում է փոխհատուցել տարածաշրջանում ազդեցության կորուստը՝ երկրի ներսում ադրբեջանական սփյուռքի վրա ճնշում գործադրելով, իսկ ռուս պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները թույլ են տալիս իրենց համեմատություններ անել, որոնք նախկինում չէին անի, նշել է Կրիվոշեևը։
Յունուսովի կարծիքով՝ Մոսկվայի և Բաքվի միջև ներկայիս հակամարտությունից կարող է տուժել էներգետիկ համագործակցությունը։ «Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում, և որոշ դեպքերում՝ Ադրբեջանն իրականում օգնել է դրանք շրջանցել։ Նույնիսկ Եվրախորհրդարանն ուներ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր, թե ում գազն էր վաճառվում Եվրոպային՝ ադրբեջանակա՞ն, թե՞՝ ռուսական։ Եթե Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները լիովին վատթարանան, այս ամենը կհայտնվի սպառնալիքի տակ», – բացատրում է նա։