
Հնարավոր է՝ Անդրկովկասը սկսում է շրջվել դեպի կայունություն և կարգուկանոն․ Պետդումայում արձագանքել են ՇՀԿ-ին միանալու ՀՀ ցանկությանը
Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին ողջունել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու Հայաստանի որոշումը և հույս է հայտնել, որ Հայաստանի ներսում այլևս հակառուսական գործողություններ չեն լինի։
«Եթե Հայաստանը որոշել է, որ իր համար ավելի հարմար է շարունակել Ռուսաստանի հետ գնալը, ինչը մեզ համար նույնպես առաջնահերթություն է, և այլևս չեն լինի գործողություններ, որոնք ուղղված են Հայաստանի ներսում հակառուսական գործողությունների ապակայունացմանը և խթանմանը, ապա սա լավ է։ Սա նշանակում է, որ Անդրկովկասը սկսում է շրջվել դեպի կայունություն և կարգուկանոն», – նշել է Վոդոլացկին։
Նա հավելել է, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը փորձում են հեռանալ Ռուսաստանից՝ ընտրելով եվրոպական ուղին և արժեքները։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը ՇՀԿ-ում առաջատար դերերից մեկն է խաղում։ «Սա համակարգի որոշակի երկատում է, և չկա գիտակցում, որ սրանք տարբեր ուղղություններ են, տարբեր արժեքային ուղեցույցներ։ Հնարավոր է՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի ղեկավարության մտքերում և գործողություններում փոփոխություններ են եղել, և նրանք որոշել են հայտ ներկայացնել և հայտարարել, որ ցանկանում են միանալ ՇՀԿ-ին», – բացատրել է պատգամավորը։
Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի համար չափազանց դժվար կլինի միաժամանակ լինել Եվրամիության և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Նրա խոսքով՝ Երևանը պետք է որոշի, թե ինչն է իրեն ավելի հետաքրքիր։ «ՇՀԿ-ն երբեք իրեն չի դիրքավորել որպես որևէ մեկի դեմ ուղղված կազմակերպություն։ Նախևառաջ, այս կազմակերպությունը կենտրոնացած է անվտանգության և անդամ երկրների պաշտպանունակության աջակցության վրա։ Հետևաբար, կարծում եմ, որ Երևանի անդամակցությունը ՇՀԿ-ին կնպաստի խաղաղ զարգացման որոշակի ոլորտների», – նշել է պատգամավորը։ Հուլիսի 3-ին Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել դառնալ ՇՀԿ անդամ։