
Մոսկվան կորցնում է իր դաշնակիցներին Հարավային Կովկասում․ Euronews-ի անդրադարձը
Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որը ճանաչել է Թալիբանին որպես Աֆղանստանի իշխող կառավարություն, սակայն Մոսկվայի վաղեմի կապերն իր ավանդական դաշնակիցների հետ խզվել են։ Այս մասին նշվել է Euronews-ի՝ օրերս հրապարակված հոդվածում։
Ինչպես նշվել է, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղի տարածաշրջանի վրա լիակատար վերահսկողություն է հաստատել Հայաստանի հետ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո, որում Ռուսաստանը կենտրոնական դերակատար էր։
Գրեթե երկու տարի անց Երևանն ու Բաքուն խաղաղության համաձայնագրի տեքստն համաձայնեցնում են առանց Ռուսաստանի։ «Չնայած առաջիկայում դեռևս շատ են մարտահրավերները երկու երկրների համար, այնուամենայնիվ այն, կարծես, պարզեցվել է և հիմնական դեր այժմ կատարում է Թուրքիան, և ոչ Ռուսաստանը, որը 1990-ականներից ի վեր հակամարտության թելերը քաշողն է», – նշվել է հոդվածում և ընդգծվել, որ Մոսկվայի հարաբերությունները թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ երբեք այսքան վատ չեն եղել, որքան հիմա են։
2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բաքվից դեպի Չեչնիայի Հանրապետության մարզային մայրաքաղաք Գրոզնի թռիչքի ժամանակ։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից, այնուհետև փորձել է վայրէջք կատարել Ղազախստանի արևմուտքում, սակայն վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 67 մարդուց 38-ը։ Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից «ողբերգական միջադեպի» համար, սակայն չի ընդունել պատասխանատվությունը։ Ալիևը քննադատել է Մոսկվային միջադեպը «կոծկելու» համար և խնդրել է պատժել պատասխանատուներին։
Սակայն միջադեպը միայն վատթարացրել է նախկին դաշնակիցների միջև հարաբերությունները։
Մայիսին Ալիևը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի Հաղթանակի օրվա շքերթին՝ նախկին խորհրդային պետությունների այլ առաջնորդների հետ միասին։ Նույն ամսվա վերջին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը այցելել է Բաքու։
Լարվածությունն արագորեն սրվել է անցյալ շաբաթվա ընթացքում, երբ ռուսական ոստիկանությունը խուզարկություններ է կատարել մի քանի էթնիկ ադրբեջանցիների տներում Եկատերինբուրգում՝ Ռուսաստանի չորրորդ խոշոր քաղաքում, ինչը, իշխանությունների խոսքով, տասնամյակներ առաջ տեղի ունեցած սպանությունների հետաքննության մի մասն էր։ Հուսեյն և Զիյադդին Սաֆարով եղբայրները մահացել են, իսկ մի քանի այլ էթնիկ ադրբեջանցիներ՝ ծանր վիրավորվել։
Բաքուն արագ և վճռականորեն արձագանքել է, նախ՝ չեղարկելով նախկինում նախատեսված ռուսական պաշտոնական այցերը, կանչելով Բաքվում Ռուսաստանի դեսպանին, ապա՝ չեղարկելով ռուսական մշակութային միջոցառումները։
Սակայն հակազդեցությունը գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանի իշխանությունները խուզարկել են Ռուսաստանի պետական լրատվական գործակալության՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակները։ Գործադիր տնօրենը և գլխավոր խմբագիրը դատապարտվել են չորս ամսվա կալանքի։ Նույն օրը Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ, ինչն էլ ավելի է զայրացրել Կրեմլին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աջակցություն է հայտնում Բաքվին «այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ահաբեկում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը»։
Կարճ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է այն, ինչը, իրենց խոսքով, ձայնագրություն էր, որը ենթադրում էր, որ ռուսական զինվորականները հրամայել են 2024 թվականի դեկտեմբերին հրթիռային հարված հասցնել AZAL 8243 չվերթի ինքնաթիռին։
Euronews-ն անդրադարձել է նաև ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ նշելով, որ Ադրբեջանի 2023 թվականի կայծակնային արշավը Ղարաբաղում Հայաստանին ցույց տվեց, որ Ռուսաստանը չի միջամտում և իր աջակցությունը ցույց չի տալիս իր դաշնակիցներին, երբ նրանք դրա կարիքն ունեն։
Ռազմական փորձագետները հավելում են, որ Ռուսաստանը նաև լիովին ի վիճակի չէ դա անել 2022 թվականի փետրվարից, քանի որ իր բոլոր ռեսուրսներն ու զորքերն ուղղված են դեպի Ուկրաինա։
2024 թվականին Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Կրեմլի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Եվ մեկ տարի անց՝ 2025 թվականի սկզբին, Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը միանալու գործընթացը սկսելու նպատակով օրինագիծ՝ ինչը, վերջին հաշվով, թշնամական քայլ էր Մոսկվայի համար։