
Սամվել Կարապետյանի 10 աջակցի են ձերբակալել, այդ թվում՝ Տաշիրի բնակիչների․ փաստաբան
Գործարար Սամվել Կարապետյանի 10 աջակից ձերբակալվել ու տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն․ ABC media-ին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալի հետ։ «Որևէ պաշտպանական գործողություն թույլ չեն տվել անել, ընդամենը կես ժամ առաջ կարողացա իրեն տեսնել, կոնֆիդեցիալ խոսել, բայց մնացած փաստաբաններն այստեղ են եղել առավոտյան 9։30-ից ու միայն լրագրողներին ահազանգելուց հետո թույլ են տվել ժամը 14։00-ին այցելել իրենց պաշտպանյալներին»,-ասաց Մարտիրոսյանը։
Ձերբակալվածների թվում են ինչպես ՀԷՑ-ի աշխատակիցները, այդպես էլ սովորական քաղաքացիներ, ովքեր աջակցում են Կարապետյանին, այդ թվում՝ Տաշիր քաղաքի բնակիչներ։
Թե ինչ հիմքով են ձերբակալվել Կարապետյանի աջակիցները․ հստակ չէ, Մարտիրոսյանն ասում է՝ հուլիսի 4-ի հանրահավաքին մասնակցելու հետ է կապված ձերբակալությունը։ Հիշեցնենք, որ իրավապահներն առավոտից քննչական գործողություններ են իրականացրել ՀԷՑ-ի գլխամասում և Նարեկ Կարապետյանի բնակարանում, որտեղից առգրավել են նրա աշխատանքային փաստաթղթերը։