09 Հուլ
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շրջապատված «թշնամիներով»՝ Փաշինյանը միաժամանակ պայքարում է եկեղեցու, քաղաքական մրցակիցների և ընդդիմադիր գործարարների դեմ․ Коммерсант

Շրջապատված «թշնամիներով»՝ Փաշինյանը միաժամանակ պայքարում է եկեղեցու, քաղաքական մրցակիցների և ընդդիմադիր գործարարների դեմ․ Коммерсант

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բից և նրա շրջապատից «ազատագրելու» շարժումը գլխավորելու մտադրության մասին: Նրա հակառակորդների համար մեկ այլ հարված էր անձեռնմխելիությունից զրկելը և քրեական գործի հարուցումը խորհրդարանական «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ:

ՀՀ Սահմանադրության 30-ամյակի օրը Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է նոր Հիմնական օրենք, որի օգտին կքվեարկեն քաղաքացիները․ գրել է Коммерсантն՝ անդրադառնալով ՀՀում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։

Ինչպես ընդգծվել է, Նիկոլ Փաշինյանի հարձակումն իր հակառակորդների դեմ միաժամանակ ծավալվում է մի քանի ճակատներով։ Հուլիսի 8-ին անվտանգության ուժերը խուզարկել են նախկինում ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի գլխավոր գրասենյակը։

«Փաշինյանի հակառակորդները նաև զգալի կորուստներ են կրում Հայաստանի խորհրդարանում ծավալված մարտերում», – նշվել է հոդվածում՝ ի նկատի ունենալով Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը։ Կայքը հիշեցրել է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնի է որպես ղարաբաղյան հակամարտության ընթացքում խորը էշելոնացված պաշտպանական համակարգի ստեղծող, որը տարիներ շարունակ համարվում էր անառիկ և կոչվում էր «Օհանյանի գիծ»։

Լրատվամիջոցը հավելել է, որ հուլիսի 8-ին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամի՝ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հանգեցրել է ծեծկռտուքի, որին մասնակցել են անվտանգության աշխատակիցները, պատգամավորները և նրանց օգնականները։ Ինչպես հայտնել է Արթուր Սարգսյանի խմբակցության գործընկեր Քրիստինե Վարդանյանը, քաշքշուկը սկսվել է այն ժամանակ, երբ Արթուր Սարգսյանը որոշել է իր ելույթից հետո լքել նիստերի դահլիճը։ Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ այդ պահին նրա հետևից հարձակվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Հարձակման դրդապատճառները մնում են անհասկանալի, սակայն իր ելույթի ժամանակ Սարգսյանն, ով այդ ժամանակ դեռ չէր զրկվել անձեռնմխելիությունից, նշել է, որ քայլում է գլուխը բարձր պահած և «չի հանձնել Արցախը»։ Իր թշնամիների հետ գործ ունենալիս Նիկոլ Փաշինյանը նաև չի հրաժարվում նոր սահմանադրություն ընդունելու ծրագրերից։ Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ՝ հղում անելով այն փաստին, որ դրա ներկայիս տարբերակը պարունակում է «Արցախը Հայաստանին միավորելու ուղղակի կոչեր»։

Ռազմագերիներ